Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական

24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից քննարկման է ներկայացվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։

Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։

Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։

Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։

Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։

Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ