Պատրիկ Գասպարդը դադարեցնում է Բաց հասարակության հիմնադրամների ղեկավարի իր լիազորությունները

Պատրիկ Գասպարդը հայտարարել է, որ որոշել է տարեվերջին դադարեցնել Բաց հասարակության հիմնադրամների նախագահի իր լիազորությունները։ Նրա պաշտոնավարման եռամյա ժամկետի ընթացքում նա ողջ աշխարհում առերեսվել է բաց հասարակությունների առաջ ծառացած լուրջ սպառնալիքների, ներառյալ՝ ավտորիտար ռեժիմների վերելքը և ԿՈՎԻԴ-19 վիրուսի տարածումն աշխարհով մեկ։

Նախագահի պաշտոնում նրան փոխարինելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և Միացյալ Թագավորության նախկին նախարար Մարկ Մելոք-Բրաունը, ով ներկայումս Հիմնադրամների տնօրենների խորհրդի անդամ է։ Մելոք-Բրաունը պաշտոնը կստանձնի 2021 թվականի հունվարի 1-ից։

Գասպարդը Բաց հասարակության հիմնադրամներ է բերել հարուստ փորձ թե՜ կառավարական, թե՜ ոչ կառավարական ոլորտներից։ Նախկինում՝ 2013-ից 2016 թվականներին, Նախագահ Բարաք Օբամայի օրոք նա ԱՄՆ-ի դեսպանն է եղել Հարավային Աֆրիկայում։ Դրանից առաջ նա 2011-ից 2013 թվականներին եղել է Ազգային ժողովրդավարական հանձնաժողովի գործադիր տնօրենը, 2009-ից 2011 թվականներին՝ Նախագահի օգնականը և Սպիտակ տան Քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը, ինչպես նաև՝ Օբամայի 2008 թվականի ընտրարշավի համապետական քաղաքական շտաբի պետը։ Գասպարդը նաև եղել է ԱՄՆ-ի խոշորագույն արհեստակցական միության՝ Սպասարկման ոլորտի աշխատողների միջազգային միության գործադիր փոխնախագահը և քաղաքական գծով տնօրենը։

Մելոք-Բրաունը, ով նախագահի պաշտոնում փոխարինելու է Գասպարդին, Բաց հասարակության հիմնադրամներ է գալիս՝ ունենալով ղեկավար պաշտոններում միջազգային աշխատանքի հարուստ փորձ կառավարական համակարգում, ՀԿ դաշտում, բարեգործության և բիզնեսի ոլորտներում։ Նա Կոֆի Աննանի պաշտոնավարման ժամանակ եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը և աշխատակազմի ղեկավարը։ Նախկինում եղել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վարչական տնօրենը։ Գորդոն Բրաունի վարչապետության շրջանում Միացյալ Թագավորության Արտաքին կապերի նախարարությունում եղել է պետական նախարար Աֆրիկայի և Ասիայի գծով։ Զբաղեցրել է նաև այլ պաշտոններ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փոխնախագահի պաշտոնը։ Կարիերան սկսել է որպես լրագրող «The Economist» ամսագրում։