Ջորջ Սորոս. Ֆայնենշլ Թայմզի վարկածով՝ տարվա մարդ

***

19-ը դեկտեմբերի, 2018 թ., չորեքշաբթի

The Financial Times

Ջորջ Սորոս. Ֆայնենշլ Թայմզի վարկածով՝ տարվա մարդ

Հոդվածագիր՝ Ռուլա Խալաֆ

Ի հեճուկս ակտիվության և աշխարհի մասին ազատական պատկերացումների համար կազմակերպվող ամենօրյա գրոհներին՝ Ջորջ Սորոսը զարմանքալիորեն աշխույժ տրամադրություն ուներ արևառատ այդ օրը Մարաքեշում: Նոր էր վերադարձել Հարավային Աֆրիկայից, որտեղ 1970-ականներին կազմակերպել էր իր առաջին բարեգործական արշավը՝ ապարտեիդի տարիներին ֆինանսավորելով սևամորթ ուսանողներին: Այս անգամ տեղեկացել էր, որ Սորոսի օժանդակությամբ գործող հետաքննող լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության խմբերն օգնել էին՝ խափանելու ատոմային էներգակայանի վերաբերյալ նախատեսվող և ենթադրյալ կոռուպցիոն գործարքի արդյունքում կազմված պայմանագիրը Ռուսաստանի հետ:

«Տեղի ունեցածն էականորեն ամրապնդեց իմ համոզմունքն առ այն, որ ինչ-որ բան ճիշտ ենք անում», ասաց պարոն Սորոսը: «Մեր գործերի բարենպաստ ազդեցությունը փաստորեն չի դադարել»:

Հեջային ֆոնդերի ոլորտի նախահայրը համարվող և աշխարհի ամենահայտնի բարեգործների շարքը դասվող 88-ամյա անհատն այդ ազդեցությունը ձեռք բերելու համար ցավալիորեն բարձր «գին» է վճարել: Նրա հայրենի Հունգարիայից մինչև նոր տուն դարձած Ամերիկա՝ ազգայնականության և ամբոխահաճության ուժերն այսօր լայնածավալ հարձակման են ենթարկում ազատական ժողովրդավարության այն համակարգը, որին նա անխոնջ կերպով օժանդակել է տարիներ շարունակ: Ժամանակին բնութագրվելով որպես արտաքին քաղաքականություն ունեցող միակ անհատ՝ այսօր նա ստիպված է դիմագրավել մոլորակի տարբեր ծայրերում վերելք ապրող զորեղ մարդկանց և իրեն հեղինակազրկելու նպատակ հետապնդող չարամիտ փորձերին:

Ֆայնենշլ Թայմզի «Տարվա մարդ» ընտրության հիմքում սովորաբար մարդկանց ձեռքբերումներն են: Պարոն Սորոսի ընտրությունն այս տարի թերևս պայմանավորված է նաև նրա մարմնավորած արժեքներով:

Նա ազատական ժողովրդավարության և բաց հասարակության չափանիշների դրոշակակիրն է: Հենց այդ գաղափարներ հաղթանակ տարան սառը պատերազմում: Այսօր այդ գաղափարները պաշարված են բոլոր կողմերից՝ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանից մինչև Դոնալդ Թրամփի Ամերիկա:

Պարոն Սորոսն ավելի քան երեք տասնամյակ բարեգործության միջոցով պայքարում է ավտորիտարիզմի, ռասիզմի և անհանուրժողության դեմ: Տևական ժամանակ հավատարիմ մնալով բաց գործելակերպի, ազատ լրատվամիջոցների և մարդու իրավունքների գաղափարներին՝ նա հարուցել է ավտորիտար ռեժիմների զայրույթը և գնալով ավելի շատ է զայրացնում ազգայնական այն պոպուլիստներին, ովքեր շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը՝ հատկապես Եվրոպայում:

«Ինձ մեղադրում են ամեն ինչում, այդ թվում՝ հակաքրիստոսը լինելու մեջ», ծաղրանքով նշում է պարոն Սորոսը: «Երանի այսքան շատ թշնամիներ չունենայի, սակայն դա համարում են ապացույց, որ հաստատ ինչ-որ բան ճիշտ եմ անում»:

Պարոն Սորոսին թիրախավորող հակասեմիթական դավադրության տեսություններն այնքան մեծաթիվ են, որ դրանք դժվար է հաշվել: Գրեթե ամեն օր հրապարակվում է առնվազն մեկ հայտարարություն, թվիթ Twitter-ում կամ լուսանկար, որտեղ նա պատկերվում է որպես համաշխարհային քաղաքականությունը նենգափոխելու վարպետ:

Թույնը, որը տևական ժամանակ թաքնված էր ծայրահեղ աջական ցանցերում, այժմ հայտնվել է բաց դաշտում: Պրն. Թրամփը՝ ով վրդովված է դեմոկրատներին պրն. Սորոսի ցուցաբերած օժանդակությունից, հիմնազուրկ մեղադրանքներ է տարածում այն մասին, թե վերջինս ֆինանսավորել է Կենտրոնական Ամերիկայից եկող միգրանտների քարավանը: Ըստ ամենայնի, մասամբ հենց այս պնդումներով է ոգեշնչվել հոկտեմբեր ամսին Փիթսբուրգ քաղաքում գտնվող Կենաց ծառի սինագոգի վրա տեղի ունեցած հարձակումը:

Նույն ամսվա սկզբին պրն. Սորոսն առաջինն եղավ Թրամփի այն քննադատներից, ով թիրախավորվ Նյու Յորքի արվարձանում գտնվող նրա տուն էր ուղարկելով պայթուցիկ սարք: «Ինձ պատկերում են որպես նեռը: Ինձ մեծ ցավ է պատճառում այն փաստը, որ ոգեշնչվելով իմ մասին տարածվող դավադրության կեղծ տեսություններով՝ ծայրահեղականները ցանկանում են սպանել ինձ», ասում է պրն. Սորոսը:

Ատլանտյան օվկիանոսի այն կողմում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով ժամանակին Սորոսի կրթական դրամաշնորհ է ստացել, ընտրական իր քարոզչության գործիքի է վերածել միլիարդատիրոջը՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով մայրցամաքը միգրանտներով հեղեղելու՝ Եվրամիության ծրագրերի գլխավոր հեղինակը լինելու մեջ: Պրն. Օրբանի կուսակցությունը Սորոսի պատկերով վահանակներ է փակցրել, որոնք ըստ քննադատների պատրաստվել էին «ծիծաղող հրեայի» նացիստական վահանակների օրինակով: Այս ամիս Կենտրոնական Եվրոպական համալսարանը, որը հիմնադրել էր պրն. Սորոսը Բուդապեշտում 1991 թվականին, հայտարարել է, որ համալսարանին «ստիպում են» որոշ դասընթացներ տեղափոխել Վիենա՝ նկարագրելով այս քայլը որպես «մռայլ օր Եվրոպայի և մռայլ օր՝ Հունգարիայի համար»:

Բրիտանիայում նույնպես, որտեղ պրն. Սորոսը կրթություն է ստացել և գույքի սեփականատեր է, նրան հիշում են որպես «Անգլիայի կենտրոնական բանկը կողոպտած» անձնավորություն 1992 թվականին ֆունտ ստեռլինգի դեմ դրույք կատարած գործարքի պատճառով: Անցել են տասնամյակներ, և այժմ արդեն չարախոսները նրան մեղադրում են Բրեքզիթին դեմ լինելու և այն ֆինանսական օժանդակության համար, որը նա ցուցաբերում է «Best of Britain» խմբին, որը պահանջում է ԵՄ անդամակցության հարցի շուրջ կրկնակի հանրաքվե անցկացնել: Անգամ Ֆեյսբուքն է միացել ապատեղեկատվության այս արշավին՝ պատվիրելով հետազոտություն, որում փորձ է արվել վարկաբեկել միլիարդատիրոջը: Ֆեյսբուքի գլխավոր ֆինանսական տնօրեն Շերիլ Սենդբերգը կասկածներ է հայտնել այն մասին, որ պրն. Սորոսը Ֆեյսբուքի բաժնետոմսերի վաճառքի գործարքից օգուտ է քաղել այն բանից հետո, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած իր ելույթում:

Պրն. Սորոսը բնավ չի ընկճվում հարձակումներից, ընդհակառակը՝ ավելի մեծ եռանդով է շարունակում իր գործը: Անհագ ծարավով տեղեկատվություն է հավաքագրում, ուշադիր լսում, խորհում՝ փորձելով իմաստավորել խաթարված աշխարհակարգը: Չափից ավելի համեստաբար՝ ինքն իրեն անվանում է «չկայացած փիլիսոփա»:

«Սկզբնական շրջանում պատմությունը մեր կողմից էր: Այն ժամանակ բաց հասարակությունները լուրջ հաջողություն էին արձանագրում՝ ամրապնդելով իրենց դիրքերը», ասում է նա վերջին տասնամյակների մասին: «Բայց պատմության ընթացքը բեկվել է: Այդ խնդիրն է հիմա փորձում հասկանալ: Ինչը օգնեց փակ հասարակություններին ամրապնդել իրենց դիրքերը»:

Պրն. Սորոսը բազմաթիվ տներ ունի, սակայն Ֆայնենշլ Թայմզը նրան հանդիպում է Մարաքեշում, որտեղ նա համաժողովի է մասնակցելում: Նա նստած է բակում՝ նարնջի պուրակի հարևանությամբ, Լա Մամունիա անվանումով ճոխ հյուրանոցում: Պարզ հագուստով՝ հագին զոլավոր կապույտ ժակետ, նա այցելուներին խնդրում է խոսել բարձրախոսով, քանի որ լսողության խնդիր ունի: Հունգարական արտասանությամբ անգլերենով կատակում է, թե ինքը ոսկե ականջներով մարդ է՝ ի նկատի ունենալով լսողության ոսկեջրած սարքը: Թեպետ բողոքում է, թե հիշողությունն սկսում է խամրել, «միայն ապագան եմ հիշում»,_կատակում է՝ պահպանելով միտքի սրությունը և տիրապետելով մանրամասներին:

Պրն. Սորոսի քննադատները մատնանշում են նրա անձի անհամադրելի ներքին հակասությունները. հարստությունը նա վաստակել է անողորմ դիտորդի կարգավիճակով՝ առանձնապես հաշվի չառնելով իր հսկայական խաղադրույքների հետևանքները, սակայն միևնույն ժամանակ՝ նվիրատվություններ է կատարում անսահման բարեպաշտությամբ: Նրա բարեգործության մեջ քննադատները նկատում են ճնշված մեղքի զգացում: Նրան լավ ճանաչողները, սակայն, ասում են, որ թե՛ ֆոնդերի կառավարման, թե՛ բարեգործության ոլորտներում ունեցած բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած են եղել միևնույն ըմբոստ խառնվածքը և մեծ ռիսկեր հանդուրժելու ունակությունը:

«Նրա ինքնության արմատները բխում են այն տրավմայից, որը նա կրել է՝ որպես դեռահաս ապրելով նացիզմի և ֆաշիզմի շրջանում, որպես ծպտյալ հրեա, ով անձի ձևավորման տարիքում ականատես է եղել մարդու ամենադաժան բնազդներին և վարքի դրսևորումներին», ասում է Լիոն Բոտշտայնը Բարդ Քոլեջի՝ ԱՄՆ-ում գործող արվեստների փոքր ազատական համալսարանի նախագահը, ով վաղուց է ճանաչում պրն. Սորոսին:

Ծնված Հունգարացի հրեա ընտանիքում՝ պրն. Սորոսն ընդամենը 14 տարեկան էր, երբ 1944 թվականին նացիստները ներխուժեցին երկրի տարածք: Նա վերապրեց 500,000 հրեաների կյանք խլած բռնազավթումը՝ կրելով անձը հաստատող կեղծ փաստաթղթեր: Հնարամիտ հոր՝ փաստաբան Տիվադարի որոշմամբ, ընտանիքը բաժանվեց երկու մասի, և երիտասարդ Ջորջն ուղարկվեց գյուղատնտեսության ոլորտի պաշտոնյայի հետ ապրելու՝ ձևացնելով, թե վերջինիս սանիկն է: Ջորջը ճանապարհորդում էր պաշտոնյայի հետ՝ գույքագրելով բռնագրավված հրեական գույքը. իրադարձություն, որը վեր էր իր վերահսկողությունից, բայց որը հետագայում հետևելու էր իրեն՝ սնուցելով այն զազրելի մեղադրանքները, թե իբր ինքը համագործակցել է նացիստների հետ:

Պրն. Սորոսի վրա ավելի ծանր ազդեցություն էր թողել դրանից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած մի դեպք: Հրեական խորհուրդը նրան խնդրել էր վտարման ծանուցումներ հանձնել փաստաբաններին: «Փաստաբաններից մեկն ինձ ասաց, որ ինքը միշտ եղել է օրինապաշտ քաղաքացի… և ուստի, ոչինչ տեղի չի ունենա իր հետ, եթե ենթարկվեր կարգադրությանը», պատմում է նա: «Դա ահռելի ներգործություն ունեցավ վրաս: Հասկացա, որ կարող են լինել անարդար օրենքներ, որոնց կենթարկվես ինքդ քեզ վտանգելու հաշվին»:

Երբ Հունգարիայում ամրապնդվեց կոմունիստների իշխանությունը՝ 17-ամյա պրն. Սորոսը որոշեց փախուստի դիմել: Ուղևորվեց Լոնդոն, որտեղ աշխատեց որպես բեռնակիր և մատուցող: Թեպետ սկզբում նրան թվում էր, որ իր ներկայությունն այդ միջավայրում շատերի համար խիստ անընդունելի է, այնուհանդերձ, Բրիտանիան կյանքի նոր մեկնարկ հանդիսացավ նրա համար: Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում սովորելիս կրեց Կարլ Պոպերի և նրա այն գաղափարի ազդեցությունը, թե բարգավաճել կարող են միայն բաց, ժողովրդավար հասարակությունները: Այդ գաղափարներն հենց հետագայում հիմք դարձան նրա բարեգործության համար:

Առաջնորդվելով հոր սերմանած մրցակցայնությամբ, ով որդիներին խրախուսում էր զբաղվել սպորտով (նա մինչ օրս խաղում է թենիս), պրն. Սորոսը 1950-ականներին արբիտրաժային վաճառականի կարգավիճակով ուղևորվեց Ուոլ Սթրիթ, որտեղ ավելի ուշ պետք է ստեղծեր իր Քվանտում ֆոնդը՝ դառնալով աշխարհի առավել հաջողակ միջնորդներից մեկը: «Մյուսներից առաջ էի ընկել վաստակած դրամի ցուցանիշով, քանի որ սեփական որոշումներիս վերաբերում էի միևնույն քննադատությամբ, ինչ՝ համակարգին», բացատրում է նա: «Ես դուրս էի գալիս այն դիրքերից, որոնք օգուտ չէին բերում: Հավաքում էի շահածս, և հիմնականում առաջինը դիրք զբաղեցնող և առաջինը դիրքից դուրս եկողն էի»:

Միջազգային թատերաբեմում, սակայն, նա հայտնվեց միայն 1992 թվականին՝ բրիտանական ֆունտ ստեռլինգի դեմ կատարված իր տխրահռչակ խաղադրույքից հետո, որի օգնությամբ Միացյալ Թագավորությունը ստիպված եղավ Սև չորեքշաբթի օրը դուրս գալ Փոխարժեքի եվրոպական մեխանիզմից: Իր ձևավորած «կարճ» դիրքի շնորհիվ պրն. Սորոսի մաքուտ շահույթը գերազանցեց 1 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Այդ ժամանակ նա արդեն մեկ տասնամյակ էր, ինչ ընկերացել էր արևելյան ճամբարի այլախոհների հետ և ֆինանսական օժանդակություն էր ցուցաբերում նրանց՝ 1984 թվականին Հունգարիայում ստեղծելով Բաց հասարակության առաջին հիմնադրամը: Վաղ շրջանում օժանդակություն ստացողներից էր պրն. Օրբանի ղեկավարած ուսանողական խումբը: Բեռլինյան պատի փլուզումից հետո նոր խթան էր առաջացել իր ազատական օրակարգն առաջ մղելու համար, և երբ Արևելյան Եվրոպայի համար Մարշալի ծրագիր մշակելու իր առաջարկը ծաղրուծանակի առաջացավ, նա որոշեց ինքնուրույն իրագործել այդ ծրագիրը: 1992 թվականին, օրինակ, նա 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր կազմեց՝ նախկին Խորհրդային Միության և Մերձբալթյան երկրների գիտնականների աշխատավարձերը վճարելու և գրադարաններին գիտական ամսագրեր տարածելու նպատակով:

Սառը պատերազմի ավարտի հետ պրն. Սորոսի գործունեության աշխարհագրությունն ընդարձակվեց ցուցաբերելով օժանդակություն տարաբնույթ խնդիրներին՝ միգրացիայից մինչև թմրադեղերի դեմ պայքարի քաղաքականություն, Եվրոպայում գնչուների նկատմամբ խտրականության դեմ պայքար, իսկ վերջերս նաև՝ ռոհինջա էթնիկ խմբի պաշտպանությունը Մյանմայում: Մի քանի տարի առաջ՝ Մյանմար կատարած այցի ժամանակ, նա վերհիշել էր մանկության տարիներին կրած հալածանքը: Այսօր, անգամ ցեխ շպրտելու ահագնացող քարոզարշավի պարագայում, նա մտովի նոր նշանակետեր է սահմանում: Որպես ոչ կրոնական ծեսերին հետևող հրեա, նա ասում է, որ հավատում է, թե մարդն է իր կերպարանքով ստեղծել աստծուն, և ոչ թե՝ հակառակը, և որ մտածում է Իսրայելում ավելի ակտիվ գործունեություն ծավալելու մասին, որտեղ իրեն տարակուսանք է պատճառում այն օրենքը, որի համաձայն պետության տարածքում ինքնորոշման իրավունք ունեն միայն հրեաները:

«Ջորջը մշտական ակտիվիստ է, սակայն դեղին ժիլետ [ֆրանսիացի ցուցարարների նման] և ռետինե սապոգներ կրելու փոխարեն՝ նա ունի կլորիկ դրամագլուխ և ազատական օրակարգ, և երբեք չի հանձնվում», ասում է Մարք Մալոք Բրաունը՝ բրիտանացի նախկին պաշտոնյան, ով պրն. Սորոսի ամենավաղեմի ընկերներից է: «Նա աշխարհը վերևից դեպի ներքև փոխելու քիսինջերյան տեսության կրողը չէ: Նրա համոզմունքն է, որ եթե մեկնարկային գումար ես տալիս հզոր գաղափարների տեր մարդկանց՝ ապա հաջողելու դեպքում՝ այդ գաղափարները հրդեհի պես կտարածվեն և կփոխեն աշխարհը»:

Պրն. Սորոսն ասում է, որ ինքը երբևէ չի դիտարկել պաշտոնի ընտրվելու տարբերակը, և նրան ճանաչողները կհամաձայնեն, որ դա նրա մոտ լավ չէր ստացվի: Լինելով բռնկուն և ունենալով կտրականապես մտափոխ լինելու հակում՝ նա լայնամասշտաբ գաղափարների տեր անձնավորություն է, ով պրն. Մալոք Բրաունի բնորոշմամբ՝ դիմադրում է «բյուրոկրատական մարզման» ենթարկվելու ցանկացած փորձի: Միևնույն ժամանակ, սակայն, ներքաշվել է այնպիսի բանավեճերի մեջ, որոնք բևեռացնում են արևմտյան հասարակությունները՝ հնարավոր դարձնելով քաղաքական միջամտության մեջ նրա հասցեին հնչեցվող մեղադրանքները:

2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրության ժամանակ լինելով Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզչության խոշորագույն դոնորներից մեկը՝ պրն. Սորոսի համար ծանր հարված էր պրն. Թրամփի ընտրվելը (ավելին՝ նա սխալ խաղադրույք էր կատարել՝ գուշակելով, թե ֆոնդային շուկան անկում կապրի Թրամփի հաղթելու պարագայում): Նա վաղուց էր բացասաբար վերաբերվում պրն. Թրամփին, ընդ որում՝ մի առիթով անգամ մերժել էր Թրամփի շենքերից մեկում գրասենյակային տարածք վարձելու առաջարկը, սակայն այսօր պնդում է, թե Թրամփն անցողիկ երևույթ է լինելու. «Նա [Թրամփը] իր իսկ վատթարագույն թշնամին է՝ նարցիսիստ, ով ուզում է, որ աշխարհն իր շուրջը պտտվի, և հասել է այնպիսի հաջողության, որը չէր կարող երևակայել անգամ իր ամենաբուռն երազներում»:

2020 թվականի նախագահական ընտրության ժամանակ պրն. Սորոսը մտադիր է չներգրավվել ներկուսակցական առաջին քվեարկությանը և որոշել է սատարել ցանկացած մեկին, ով առաջ կգա որպես պրն. Թրամփի դեմոկրատ հակառակորդ: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ նրա հիմնադրամը ներկայումս կարևոր ջատագովություն է իրականացնում՝ կապված 2020 թվականի մարդահամարի արդար անցկացման հետ, որը կարող է լուծել փոքրամասնությունների թերներկայացվածության խնդիրը:

Պրն. Սորոսը կարծում է, որ աշխարհը գտնվում է հեղափոխական խմորումների վիճակում: Սակայն նա չի վհատվում՝ անգամ Բրիտանիայի պարագայում, որտեղ նրան քաջալերում է Բրեքզիթի հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու հեռանկարը: Նա ասում է, սակայն, որ նոր քվեարկությունն անհրաժեշտ կլինի հաղթել ձայների զգալի տարբերությամբ, որպեսզի Բրիտանիան մնա Եվրամիությունում համոզմունքի, այլ ոչ՝ զուտ տնտեսական հաշվարկի հիման վրա:

Նա մինչ օրս խանդավառությամբ է վերաբերվում Եվրոպական պրոյեկտին, սակայն բարձրաձայնում է դրա ձախողումների մասին: Եվրամիությունն ինչ-ինչ առումներով նրան հիշեցնում է Խորհրդային Միության «մայրամուտի» շրջանը, ընդ որում՝ բրյուսելանիստ չինովնիկական ապարատը չի կարողանում ընկալել, որ տանուլ է տալիս ճակատամարտում: «Եվրամիությունը կառուցեցին տեսլական ունեցող մարդիկ, ովքեր գիտեին իրենց ձեռնարկի թերությունները, սակայն պատճառներ ունեին՝ հավատալու, որ երբ պահն հասունանա, քաղաքական կամք կարելի կլինի ցուցաբերել հաջորդ քայլը կատարելու համար»: Այժմ, ասում է նա, Եվրամիությունը սահմանադրագետ-իրավաբանների ձեռքերում է, ովքեր «գտնում են սողանցքներ՝ գործն այնպես անելու համար, որպեսզի պարզ խնդիրները դառնան չափազանց խրթին»:

Կյանքի մայրամուտի տարիներին պրն. Սորոսի ծրագրերը չեն սահմանափակվում միայն նրա կուտակած հսկայական ժառանգությամբ: Թեպետ սկզբնապես նախատեսել էր, որ հիմնադրամը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ինքն ապրում է, անցյալ տարի պրն. Սորոսն իր ընտանեկան գրասենյակից 18 միլիարդ ԱՄՆ դոլար փոխանցեց Բաց հասարակության հիմնադրամներին: Ֆորբզ ամսագրի տվյալներով՝ այդ գործարքի արդյունքում նրա հարստությունը նվազեց՝ հասնելով 8 միլիարդ ԱՄՆ դոլարի, սակայն նրա ծավալած գործունեությունն ինքնուրույն շարունակվելու և ապրելու հնարավորություն ստացավ: Բարեգործության մեջ նա գտել է իրավահաջորդի՝ ի դեմս իր որդու՝ Ալեքսանդրի: «Մենք պայքարում ենք հանուն սկզբունքների, մենք պայքարում ենք՝ անկախ արդյունքներից, հաղթելուց կամ պարտվելուց», ասում է նա: Չի անցնում և մեկ ակնթարթ, և նա հնչեցնում է հաջորդ միտքը. «Ես պարտվել այնքան էլ չեմ սիրում»: