ԵՐևԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» խորագրով եզրափակիչ հանրային քննարկմանը Երևանի պետական համալսարանում:

Հանդիպումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 3-ին, երկուշաբթի, ժամը` 15:00-ին՝ Երևանի պետական համալսարանի Ե. Չարենցի անվան դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1 փ., 7-րդ ուսումնական մասնաշենք, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ հարկ):

Այս հանդիպումների շարքը, որը տեղի է ունենում Երևանում և մարզերում, նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև:

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հյուրընկալում է անկախ փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների, քաղաքական կուսակցությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկումները դարձնել հնարավորինս ընդգրկուն և մասնակցային:

Այս հանրային միջոցառումները տեղի են ունենում ս/թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Քննարկումները բաց են հանրության լայն շրջանակների և լրատվամիջոցների համար:

Կից ներկայացնում ենք այս քննարկման նախնական օրակարգը: Ժեստերի լեզվով համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Հարգանքով`
Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ