Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով

Սույն թվականի փետրվարի 27-ին Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստանը կազմակերպել էր մամլո ասուլիս, որի ժամանակ կայացավ Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով  ծրագրի շնորհանդեսը: Հիմնադրամը իրականացնելու է ծրագիրը երկու գործընկերների՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ու Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ի հետ համատեղ: Եվրոպական միությունը ծրագիրն ընտրել է հայտարարած բաց մրցույթի արդյունքում և ֆինանսավորում է 460,035 եվրո բյուջեի  մեծ մասը (400,000 եվրո):

Ծրագիրն աշխատելու է մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ օգնելու նրանց հաստատել հետևողականություն ու համագործակցություն պետական բարեփոխումների ու քաղաքականություննների մշտադիտարկման գործում, իրականացնել համակարգված մշտադիտարկում և օգտագործել ընդհանուր սահմանված գործիքակազմ ու մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս կատարել համեմատություն, վերլուծություն և  հավաքել տվյալներ ջատագովության գլխավոր հարցերի վերաբերյալ:

Ծրագիրը մասնավորապես ուշադրություն է դարձնելու երիտասարդության, երիտասարդ ակտիվիստների ու լրագրողների ներգրավմանը: Այն ծառայելու է, որպես կամուրջ Հայաստանում հաստատված մարդու իրավունքների պաշտպանների ու երիտասարդ ակտիվիստների միջև, ովքեր շահագրգռված են ձեռք բերելու ավելի մեծ փորձ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում: Իր գործընկերների հետ միասին հիմնադրամը կազմակերպելու է տարբեր դասընթացներ ու խորհրդատվություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրագրողների ու երիտասարդական կազմակերպությունների համար և ստեղծելու է գիտելիքների հանգույց, որը ծառայելու է որպես ռեսուրս կենտրոն հետազոտական գործիքակազմի ու մեթոդաբանության և մշտադիտարկման հավաքագրած տվյալները պահպանելու համար:  Ծրագիրը ստեղծելու է նաև լրատվական նյութեր՝ գիտելիքներն ու իրազեկվածությունը բարձրացնելու և հասարակ մարդկանց ներգրավելու մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության շուրջ երկխոսության մեջ:

Մամլո ասուլիսին ներկա էին ներկայացուցիչներ տարբեր քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ու միջազգային հասարակական կազմակերպություններից, լրագրողներ, իրավապաշտպաններ, ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր շրջանների համայնքներից ու երիտասարդական կենտրոններից:  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին հանդես եկավ բացման խոսքով: Ողջունելով կազմակերպություններին, որոնք նախաձեռնելու ու իրականացնելու են ծրագիրը և շնորհավորելով ապագա շահառուներին` դեսպանը նշեց, որ «այս ծրագիրը հատուկ արժեք ունի Եվրոպական միության համար, քանզի այն միավորում է երեք շատ կարևոր գործոն. քաղաքացիական ակտիվիզմ, երիտասարդներ ու մարդու իրավունքներ»: Նա հիշեցրեց, որ 2018թ.-ին մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի յոթանասունամյակը, և հատուկ ծրագրերի ու գործողությունների միջոցով «Եվրոպական միությունը ցույց է տալիս, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կենսունակ փաստաթուղթ է», որ այն «կարևոր հիմնաղբյուր է ամբողջ աշխարհում և այս տարածաշրջանում ձեռնարկած մեր գործողությունների համար»:  Նա ընդգծեց, որ «Եվրոպական միությունը մեծ նշանակություն է տալիս երիտասարդ սերնդին» և «հավատում է, որ Հայաստանի երիտասարդ սերունդը զարգացման շարժիչն է և Հայաստանում եվրոպական մոդելի կառավարում կառուցելու մեծագույն հույսը»: Դեսպանը նշեց, որ որպես գաղափար մարդու իրավունքները դեռ նոր են մարդկության պատմության մեջ և  դեռ զարգացման փուլում են, մինչդեռ երիտասարդ սերունդը, համընթաց է նոր տեխնոլոգիաներին և ունի ներուժ հասկանալու, թե ինչպես են մարդու իրավունքները զարգանում ու փոխազդում միմյանց:  Դեսպանը հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքները կլինեն ավելի խորը քան դասընթացների կազմակերպումը ու անհրաժեշտ գիտելիքի մատուցումը, և այս ծրագրում ընդգրկված մարդիկ առաջ կտանեն այն գաղափարները, որոնք Եվրոպական միության համար կազմում են Հայաստանի հետ փոխհամագործակցության հիմնարար նպատակը: Հիշեցնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ),  որը Հայաստանն ու Եվրոպական միությունը ստորագրել են՝ դեսպանը այս ծրագիրն ու իր գործողությունները դիտարկեց անհրաժեշտ համաձայնագրի իրականացման գործընթացի մշտադիտարկումը երաշխավորելու գործում:

Լարիսա Մինասյանը՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրենը, շեշտեց, որ ծրագրի գլխավոր նպատակն է սատարել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանների երիտասարդ սերնդին: «Քաղաքացիական հասարակությունը հանրության ու որոշում կայացնողների միջև կարևորագույն օղակն է: Այսօր սակայն, աշխարհում ամենուր կրճատվում է այն կենսական տիրույթը, որտեղ քաղաքացիական հասարակությունը ծավալում է ազատ, անկաշկանդ խոսքը ու զարգացնում որոշում կայացնողների հետ երկխոսությունը», _ նա նշեց:  «Նոր ուժեր բերելը ու երիտասարդությանը ներգրավելը անհրաժեշտ է քաղաքացիական տիրույթի նվազումը կասեցնելու համար»: Նման լայնածավալ ծրագրի համար, սակայն, հիմնադրամը չուներ անհրաժեշտ միջոցները: Տիկին Մինասյանը հայտնեց իր երախտագիտությունը Եվրոպական միությանը՝ ցուցաբերած օգնության համար և քաջալերեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ միանալու ու սատարելու ծրագրին, որպեսզի, երբ երկու տարուց ծրագիրը եզրափակի իր աշխատանքները, բոլորը տեսնեն շոշափելի փոփոխություններ: