Քաղհասարակությունը ներկայացնում է իր առաջարկները ԵՄ-ին

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հորդորում են Եվրամիությանը ավելի հստակ և խիստ չափորոշիչներով գնահատել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացրած բարեփոխումները: Եվրամիության ներկայացուցիչը սակայն պնդում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում գնահատման չափանիշները հստակ են: Այդ չափորոշիչները, պնդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, մշակվում են Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների հետ տևական քննարկումների արդյունքում: 

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում» թեմայով քննարկման ժամանակ Անդրեյ Դիդենկոն հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ առաջընթացի զեկույցի, սահմանափակ առաջընթաց է արձանագրվել խորը և կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում։ «Հայաստանում փոքր առաջընթաց է գրանցվել անվճար իրավական օգնության իրավունքի մասով և դատական մարմիններում դատավորների անկախության ուղղությամբ։ Առավել թափանցիկ է դարձել դատավորների նշանակման գործընթացը, սակայն հասարակությունը շարունակում է չվստահել դատական համակարգին», – ասված է զեկույցում:

ԵՄ հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում նաև ներկայացված են մի շարք առաջարկենր, որոնց կատարման շուրջ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր կենտրոնացի առաջիկա տարվա ընթացքում: Դրանք են՝ բարեփոխել ընտրական օրեսնդրությունը, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը, իրականացնել և հսկել կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի իրականացումը: Փաստաթաղթում նաև խոսվում է մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերի հետաքննման, օրենքի արդյունավետ կիրառման ապահովման անհրաժեշտության մասին:

Այդ թվում կոչ է արվում ՀՀ իշխանություններին հետաքննել 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին և պատշաճ իրավական գործընթացի խախտմաների վերաբերյալ պնդումները:

Այնուամենայնիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ Եվրամիության Հարևանության քաղաքականության իրականացման ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները վկայում են այն մասին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության նոր ձևաչափը ֆինանսական միջոցների տրամադրման ընթացքում պետք է ներառի գնահատման ավելի խիստ միջնաժամկետ և երկարաժամկետ չափանիշներ:

Քննարկման մասնակից ԲՀՀ-Հայաստան «Քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ» նախաձեռնության պատասխանատու Մարիամ Մաթևոսյանի կարծիքով Հարևանության քաղաքականության պակաս պարտադրող լինելը հաճախ հանգեցրել է Հայաստանում բարեփոխումների շահարկման: «2007 թ.-ից ի վեր իրականցված զուգահեռ հաշվետվությունները ցույց են տվել մի բան, որ ռեֆորմները բավականին մանիպուլացվել են, և դրա պատճառներից մեկը, հնարավոր է, կապված է քաղաքականության շրջանակի ավելի պակաս պարտադրող լինելու հետ: Ակնկալվող արդյունքը պետք է առավելագույնս հստակ ձևակերպված լինի», – նշեց Մաթևոսյանը:

Նրա պնդմամբ՝ ռեֆորմների շահարկման խնդիրը ցայտուն դրսևորվում է առավել զգայուն ոլորտներում՝ կոռուպցիա, խտրականություն և ընտանեկան բռնության դեմ պայքար: Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, տևական ժամանակ է, մնում է առկախված և չի ընդունվում Ազգային ժողովի կողմից: Ըստ Մարիամ Մաթևոսյանի՝ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը չի դիտարկվում, որպես գերակա նպատակ: «Այստեղ մենք անհամապատասխանություն ենք տեսնում գերակա խնդիր և արդյունք շղթայում: Նույնը կարող ենք տեսնել կոռուպցիայի կամ տղամարդկանց և կանանց իրավահավասարության հետ կապված օրենսդրության կիրառման դեպքերում», – ասաց նա:

Վերոնշյալ ռիսկերը, նշում է Մարիամ Մաթևոսյանը, փոքրացնելու համար ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացում պետք է դրանք հաշվի առնել և ունենալ գնահատման ավելի հստակ չափորոշիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք գտնել հետեւյալ հղումով. http://media-center.am/hy/European-Neighbourhood-Policy-Progress-Reports-in-the-Revision-of-the-Neighbourhood-Policy