ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները

693875

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ պետականության առջեւ ծառացած մարտահրավերները» խորագրով հանրային հանդիպմանը:

Այն տեղի կունենա ս.թ. ապրիլի 14-ին, ժամը` 12:00-16:00 Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երեւան, Իտալիայի փող., 1 շենք):

Ներկայումս Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, որոնք կարող են վտանգել Հայաստանի ու հայ ժողովրդի ձեռք բերած ինքնիշխանության եւ ժողովրդավարական պետականության կայացման 23 տարիների գործընթացները: Այս փոփոխությունները, խոշոր հաշվով, պայմանավորված են Հայաստանի ժողովրդավարական կառավարման հաստատությունների գործունեության համակարգային ճգնաժամով, որի արդյունքում հնարավոր չեղավ դիմակայել արտաքին ազդեցություններին, անգամ, երբ  դրանք հակասում էին Հայաստանի ազգային շահին եւ կարող են հանգեցնել պետականության կորստի: 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ժողովրդավարական կառավարման գործընթացները, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ազատ տնտեսության եւ սոցիալական արդարության կայացումը, ազգային ինքնության մաս կազմող պատմամշակութային եւ կրթական արժեքները անկում ապրելու միտում են դրսեւորում: Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Համոզված լինելով, որ այլեւս չի կարելի հապաղել, համարում ենք, որ ժամանակն է համադրել մեր ջանքերը, բարձրաձայնել մեր մտահոգությունները եւ փորձել գտնել ճանապարհներ` կասեցնելու Հայաստանի ինքնշխանության զիջման վտանգավոր զարգացումները: Մենք փորձում ենք նմանատիպ քննարկումները դարձնել հարթակ լայն քաղաքացիական հասարակության եւ շահագրգիռ բոլոր կողմերի համար` գիտնականներ, արվեստագետներ, առողջապահության, կրթության, մշակույթի, տեղական եւ պետական կառավարման ոլորտների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական նախաձեռնություններ եւ դաշինքներ, ուսանողներ, մտավորականեր, գործարար մարդիկ, հոգեւոր դաս, սփյուռք, պարզապես` Հայաստանի քաղաքացի: