Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում – Հայաստան և Վրաստան

kazm (2)

Ս.թ. նոյեմբերի 22-ին, ժամը՝ 14:00-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում տեղի կունենա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության և Բաց հասարակության Վրաստան հիմնադրամի կողմից կազմակերպված «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում – Հայաստան և Վրաստան» վերտառությամբ հանրային քննարկումը, որի ժամանակ կներկայացվի և կքննարկվի Արևելյան Գործընկերության ճանապարհային քարտեզի 2012-13թթ. մշտադիտարկման արդյունքները Հայաստանում և Վրաստանում:

Զեկույցները հանդիսանում են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության և Բաց հասարակության Վրաստան հիմնադրամի համագործակցության արդյունքը, որը սկիզբ է առել 2013թ. սկզբից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել և զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Վրաստանի ԱլԳ Ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի միջև: Երկու մասից բաղկացած զեկույցը ներառում է Բազմակողմ և Երկկողմ ուղղությունների ուսումնասիրություն, ընդգրկելով բարեփոխումների օրակարգի հիմնական տարրեր, որոնք նպատակաուղղված են երկու երկրներին առավել մոտեցնել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը Վիլնյուսում:

Զեկույցի Բազմակողմ ուղղության ուսումնասիրությունը ներառում է երկու երկրների համար ընդհանուր խնդրո առարկա հանդիսացող հարցեր, ինչպիսիք  են ընտրական ստանդարտները, մամուլի ազատությունը, տարածքային կառավարումը, արդադատության անկախությունը, կոռուպցիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարը, մինչդեռ Երկկողմ ուղղության ուսումնասիրությունը ներառում է կոնկրետ երկրին հատուկ հարցերի ուսումնասիրում. Հայաստանի դեպքում՝ քաղաքական ասոցացում և տնտեսաական ինտեգրացիա, ժողովրդավարական բարեփոխումներ և մարդու իրավունքներ: Զեկույցները պատրաստվել են երկու երկրների անկախ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անմիջական ներգրավմամբ, ովքեր տրամադրել են արժեքավոր գաղափարներ և ունեցել են արդյունավետ համագործակցություն:

Այս քննարկումը հնարավորության հարթակ կընձեռի ԱլԳ Ճանապարհային քարտեզի մասին տեղեկատվական և կառուցողական երկխոսության իրականացման համար, և օգտակար կլինի երկու երկրների միջև առաջընթացի համեմատականներ անցկացնելու համար: Միջոցառման ժամանակ բացման խոսքով ելույթ կունենան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Այնուհետև, երկու երկրների ազգային փորձագետները կներկայացնեն զեկույցներում տեղ գտած հիմնական եզրակացությունները: Սկզբում, Վարուժան Հոկտանյանը (Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հայաստան) կքննարկի ընտրական ստանդարտները և պրակտիկան: Այնուհետև, Անահիտ Չիլինգարյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ) կխոսի դատական ​​համակարգի անկախության և այս ոլորտում վերջին զարգացումների մասին: Լևոն Բարսեղյանը (Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ) կխոսի Հայաստանում մամուլի ազատության մասին: Այնուհետև, Վանո Չխիկվաձեն (Բաց հասարակության Վրաստան հիմնադրամ) կներկայացնի Վրաստանի ԱլԳ ճանապարհային քարտեզի մշտադիտարկման արդյունքներն ու հիմնական եզրակացությունները:

Միջոցառումը կեզրափակվի հանրային քննարկմամբ` զեկույցի պատրաստման թիմի անդամների, պետական պաշտոնյաների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի զեկույցում բարձրացված հարցերին և հնարավոր լուծումներին: Միջոցառումը ամբողջությամբ կհեռարձակվի Մեդիա Կենտրոնի կողմից (www.media-center.am):