Ռազմավարական դատավարություն

Ռազմավարական դատավարություն ծրագիր

Ռազմավարական դատավարություն ծրագիրը ԲՀՀ-Հայաստան կազմակերպության ծրագրերի մաս է կազմում 2008 թվականից: Այս ծրագրի շրջանակում Հիմնադրամը աջակցում է այն դատավարական նախաձեռնությունների, որոնք բարձրացնում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև այլ հանրային շահ ներկայացնող խնդիրներ, որոնց պաշտպանությունը կարող է ունենալ ռազմավարական արդյունք՝ համակարգային փոփոխությունների տեսքով:

Այսպիսով, ռազմավարական դատավարության շրջանակում հատուկ ընթացակարգով ընտրված գործերը անցնում են դատական ատյաններով՝ օրենսդրական և/կամ իրավակիրառ պրակտիկայում փոփոխություն և/կամ հանրության իրազեկումը ապահովելու նպատակով:

Հիմնադրամը հատկապես կարևորում է, սակայն չի սահմանափակվում, այնպիսի գործեր, որոնք վերաբերում են խոշտանգումներին և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին, փակ և կիսափակ հաստատություններում մարդու իրավունքների խախտումներին, խտրականությանը և առանձին խմբերի մարդու իրավունքների խախտումներին, ընտանեկան բռնությանը, կոռուպցիոն հանցագործություններին։

Ռազմավարական դատավարություն ծրագրի շրջանակում Հիմնադրամը աջակցում է փաստաբաններին և կազմակերպություններին, որոնք իրականացնում են պաշտպանություն/ներկայացուցչություն ներպետական և միջազգային դատական ատյաններում: Ծրագիրն աջակցում է նաև վճիռների կատարմանը՝ ռազմավարական դատավարության համապարփակ նպատակների հասնելու համար։

Միևնույն ժամանակ, Հիմնադրամը աջակցում է դատավարության շրջանակում բարձրացված խնդրի ջատագովությանը, որպեսզի առավել արդյունավետ դարձնի դրա շուրջ առաջարկվող լուծումների իրականացումը:

Ծրագրի շրջանակում պարբերաբար իրականացվում են կարողությունների բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնք նպաստում են փաստաբանների և իրավաբանների գիտելիքների ընդլայնմանն ու և հմտությունների կատարելագործմանը՝ արդյունավետ ռազմավարական դատավարություն իրականացնելու համար։

Եթե գտնում եք, որ ունեք դատական գործ, որը բարձրացնում է համակարգային խնդիրներ, և որի իրականացումը կարող է նպաստել մարդու իրավունքների առավել պատշաճ ապահովմանը, ապա կարող եք դիմել մեզ՝ լրացնելով հայտը և ուղարկելով [email protected] էլ․հասցեին։