Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հայտարարում է գործադիր տնօրենի փոփոխության մասին

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Լարիսա Մինասյանը, ով ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ պալիատիվ խնամքի համակարգի ներդնումը, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, քրեական արդարադատության համակարգի բարելավումը, գիտության և կրթության ոլորտի զարգացմանն ու ներառականությանը միտված ծրագրերը, և մի շարք այլ նախաձեռնություններ: 2008 թ.-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնել է սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի` ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020 թ.-ին Հիմնադրամն աջակցեց Հայաստանում Քովիդ-19 համավարակի հետևանքով առավելապես տուժած ընտանիքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց: Այս աշխատանքները շարունակվում են մինչ օրս:

«Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Ես երջանիկ եմ, որ այս տարիների ընթացքում աշխատել եմ նվիրված անձնակազմի, տնօրենների խորհրդի և մեր խիզախ գործընկերների հետ` անցնելով բացառիկ և անհավատալի մարտահրավերների միջով: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», – ասել է Լարիսա Մինասյանը:

Ղեկավար կազմի այս անցումային ժամանակահատվածում Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հավատարիմ է մնում իր աշխատանքին՝ երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, քաղաքացիական հասարակության աջակցմանը, կրթության, առողջապահության և արդարադատության հասանելիության ապահովմանը:

ԲՀՀ Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին:

«Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում: Հիմնվելով Լարիսա Մինասյանի տպավորիչ ժառանգության վրա՝ մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը», – ասել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանը: