Կրթական ծրագրեր

Իր գործունեության ընթացքում ԲՀՀ-Հայաստանը ներգրավված է եղել կրթական համակարգում՝ նպաստելու քննադատական և բաց մտածողությանը, զարգացմանն ու արժանիքներին միտված ընդգրկուն մոտեցումներին, հանդուրժողականությանն ու հավասարությանը՝ կրթության կարևորությունն առանցքային դարձնելով երկրի ժողովրդավարական, սոցիալական և քաղաքական առողջ զարգացման համար։ Համակարգում փոփոխություններն ինստիտուցիոնալացնելու նպատակով Հիմնադրամը երկար տարիներ ուղղակիորեն աշխատել է կրթական հաստատությունների հետ՝ աջակցելով նրանց քաղաքականության և կրթական բովանդակության մշակման հարցերում և բարելավելով իր հիմնական շահառուների կարողությունները։

2013թ․ Հիմնադրամը դադարեց աջակցել կրթական բարեփոխումներին և նախաձեռնեց մի շարք հետազոտություններ, որոնք գնահատեցին ներկա իրավիճակը կրթության որոշակի բնագավառներում։ Այս հետազոտությունները միասին ապացուցում են, որ առկա է հսկայական հետընթաց կրթական համակարգի որակի, մատչելիության, արդարության և բարեվարքության ոլորտում։ Բարեփոխումների լճացումը վերագրվում է համակարգում լավ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության բացակայությանը։ Ավելին, կրթական համակարգի վրա մեծապես ազդում են երկրում առկա բացասական միտումները մարդու իրավունքների, բաց ժողովրդավարական արժեքների, սոցիալական արդարության և հավասարության, հանդուրժողականության և հակախտրականության ոլորտներում։ Երկրում տեղի ունեցող այս զարգացումներն ամրապնդեցին Հիմնադրամի որոշումը՝ այլևս չիրականացնել ուղղակի աջակցության ծրագրեր և պահպանել կրթությունը որպես հանրային բարիք, հանդես գալ ի պաշտպանություն համակարգում սոցիալական արդարության և հավասարության, լավ կառավարման և բարեվարքության, որոնք հավասարապես ազդում են Հայաստանում կրթության որակի վրա։

Մեր կրթական ծրագրի նպատակն է հասնել արդարության և խթանել կրթական համակարգում բարեվարքությունը հետևյալի միջոցով․ ա) հետազոտության և մոնիթորինգային տվյալների ու փաստերի հրապարակում ամենաակնառու բացասական գործելաոճերի վերաբերյալ, բ) հանրային քաղաքականության վերաբերյալ առաջարկների ձևակերպում, գ) կրթության ոլորտի փորձագետների, ակադեմիայի, համայնքի ակտիվիստների և ծնողական ցանցի ստեղծում և դ) հանդես գալ կրթության զարգացման օրակարգում բարեվարքության, արդարության և որակի սկզբունքների ներմուծման օգտին։

Մեր առաջնահերթ ուղղություններն են․
ա) վճռորոշ հանրային քաղաքականության և մոնիթորինգային ռեսուրսների ստեղծում։
բ) շահերի պաշտպանություն ազգային և միջազգային մակարդակում։
գ) ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության մոբիլիզացիա և կարողությունների զարգացում։

Ուսուցում արտերկրում