Էլեկտրոնաին լրատու


Հաղորդագրություն՝ Հայաստանի Հանրապետության նոր հաստատված ռազմավարությունը կօգնի այն մարդկանց, որոնք տառապում են ցավից

February 17, 2017

Ներեցեք, այս գրառումը մատչելի է միայն անգլերեն:



«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին հանրային քննարկում

December 7, 2016

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին հանրային քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմերի 12-ին, ժամը` 14:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):

Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտակումները ս.թ. նոյեմբերի 23-24-ին Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի 59-րդ նստաշրջանում Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պարբերական դիտարկման վերաբերյալ:
Ոլորտային փորձագետները կներկայացնեն խնդրի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, թե՛ օրենսդրական և թե՛ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, Ազգային Ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական այլ կառույցների և գերատեսչությունների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը:



«Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ»

December 5, 2016

Հարգելի Գործընկերներ,
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը սիրով հրավիրում են մասնակցելու «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 11։00-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ րում» սրահում (հասցեն՝ Իտալիայի փ., 1)։
Քննարկման նպատակն է ներկայացնել Հայաստանի եւ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության կառույցների դերն ու գործունեությունը։ Հիմնական բանախոսներն են ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը եւ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին: Տիկին Դոյդոյանը կներկայացնի հայաստանյան գործակալության աշխատանքի գերակա ուղղությունները, իսկ տիկին Կալդանին՝ վրացական կառույցի դերը վիզաների տրամադրման ազատականացման եւ ԵՄ ինստիտուտների հետ համագործակցության գործընթացներում, Տեսուչի գրասենյակի ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում իրականացրած գործունեությունը:
Քննարկմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալը եւ «ԲՀՀ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրենը:
Օրակարգը կցված է։ Հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունը ապահովված է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը info.cpfe@mail.com կամ ashot.cpfe@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեներով։
Հարգանքով՝

Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը:



«2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները»

November 1, 2016

Հարգելի գործընկերներ,

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «2016թ. ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 2-ին, ժամը` 15:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտարկումներն ու մտահոգությունները 2016թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության ծրագրում մարդու իրավունքների, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ՏԻՄ և կրթության ոլորտներում, արտաքին քաղաքական ուղեգծի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ, որոնք ուղղված են համապարփակ, արդյունավետ և հաշվետու կառավարում իրականացնելուն:

Քննարկմանը հրավիրված են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, դատական համակարգի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը:



Շարադրությունների մրցույթ. «Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի»

October 3, 2016

Հռիփսիմե Պապիկյանի շարադրությունը հաղթող է ճանաչվել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած շարադրությունների մրցույթում: Մրցույթն անցկացվել է բուհերի բակալավրիատի ուսանողների շրջանում և նվիրված էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին:

Հռիփսիմե Պապիկյան

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ Իրավաբանական ֆակուլտետ, 4-րդ կուրս

Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի

- Հռիփսիմե տատի՛կ, այ տա՜տ, քո իսկական անունն ինչ է՞ր:
- Բավական էր, նան ջան:

Լավատեսական ակնարկ

- Տա՜տ, այ տա՜տ, քո քրոջ՝ Մարիետա տատիկի անունն ինչ է՞ր:
- Հերիքնազ էր:
- Իսկ Սիրանուշ տատիկի՞նը:
- Բավական էր էլի, անու՛շս, ինչու՞ դա հիշեցիր:
- Մտածում եմ ձեր ժամանակ լավ էր, ձեզ բոլորիդ երկու անուն էին դնում, հետո դուք մեծանում էիք, ձեր համար անուն էիք ընտրում, շատ լավ կլիներ եթե ինձ էլ փոքր ժամանակ Բավո ասեիք, ես հիմա ինձ մի լավ, մոդայիկ անուն կգտնեի:
- Չէ՛, բալ ջան, այդքան էլ լավ չէր, ինչքան պատկերացնում ես: Հիշում եմ, երբ դու ծնվեցիր, ծնողներիդ ուրախությանը չափ ու սահման չկար՝ նրանց առաջնեկը մի առողջ, ժպտերես ու պայծառ աղջիկ էր: Այնքան էին ուրախացել, որ անունդ լույս դրեցին, մեր ընտանիքի փոքրիկ արևն ես, Արևի՛կ ջան: Քո անունը միշտ է մոդայիկ. առանց արև մարդն էլ, աշխարհն էլ, այդ քո սիրած մոդան էլ, չեն լինի, իսկ դու մեր արևն ես, ծնողներիդ աչքի լույսը:
Իմ հայրիկը իր հայրիկի ու իր պապիկի պես տղա երեխաներին էր սիրում, ասում էր.
«Տղան իմ տան սյունն է, աղջիկը՝ ուրիշի տան ճրագը»: Ես վեց քույր ու երկու եղբայր ունեի, հայրս իր բոլոր աղջիկների անունները կամ Բավական կամ Հերիքնազ էր դնում, Աստծուն ասում էր. «Բա՛վ է, հերի՛ք է, ինձ վերջապես արու զավակ պարգևի՛ր: » : Եղբայրներս երբ ծնվեցին, հայրս քո ծնողներից էլ շատ էր երջանկացել: Երկու անգամ ողջ գյուղի համար հյուրասիրություն էր կազմակերպել, ասում էր. «Աստված լսեց ինձ, հանեց անեծքն իմ ընտանիքի վրայից: » :
Պապիկը ձեզ չէ՞ր սիրում:
Սիրում էր, ո՞նց չէր սիում, բոլոր ծնողներն էլ իրենց զավակներին սիում են: Պապիկը մեղք չուներ, ժամանակներն էին այդպես թելադրում, բալ ջան, «մոդան» այդպիսին էր: Պապիկդ հավատում էր, որ իր տոհմի շարունակությունը, պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանողը, իր ազգանունը պահողը տղաներն են, դրա համար պետք էր տղաների դաստիարակությամբ, կրթությամբ լավ զբաղվել: Իմ երկու եղբայրներն էլ համալսարան գնացին, մասնագիտություն ստացան: Նա մտածում էր, որ աղջիկներին բավական է մի լավ տեղ կնության տալ ու այդ գործում դանդաղել չարժի: Ահա թե ինչու՝

երբ իմ մեծ քույրերը ավարտում էին յոթերորդ դասարանը, հայրս նրանց անմիջապես ամուսնացնում էր: Մեր ժամանակ աղջիկների լավ ապագայի մասին հոգալն այդքանով էր սահմանափակվում: Նույնն էլ իմ դեպքում կրկնվեց. չնայած նրան, որ ես լավ էի սովորում, ուսուցչուհի էի ուզում դառնալ, հայրիկս պապիկիդ արդեն ընտրել էր:
Տա՜տ, ուզում ես ասել՝ ես չորս տարուց պետք է ամուսնանա՞մ: Ախր այդպես ո՞նց կլինի, ես դեռ ո՛չ սպաս պարտաստել գիտեմ, ո՛չ լվացք անել, համ էլ ես օդաչու եմ ուզում դառնալ: Կլինի՞ գոնե ես ընտրեմ իմ ամուսնուն, գոնե նա թռչել իմանա:
Մի՛ անհանգստացիր, արև՛ս, դու ստիպված չես լինի ուսումդ կիսատ թողնել ու ամուսնանալ: Ես դա թույլ չեմ տա, և հետո, ծնողներդ էլ նման բան չեն անի, նրանք էլ իմ պես ուզում են, որ դու սովորես ու լավ սովորես, ինքդ ընտրես ապագադ, հասնես նպատակներիդ: Ու եթե օդաչու դառնալ ես երազում, ապա անպայման մի օր ինձ օդանավովդ Արարատի գագաթն ես հասցնելու. ես արդեն մեծ եմ, ինքնուրույն չեմ կարողանա գնալ:
Խոստանում եմ, տատի՛կ ջան, հենց մեծացա Արարատի գագաթին այն քո սիրած պարն ենք պարելու: Անունն ինչ է՞ր:
Քոչարի: Իսկ հիմա արդեն ուշ է, փակիր աչուկներդ, քնիր, որ արևի հետ զարթնես: Քնիր, որ ուժերդ վերականգնվեն, որ վաղն ավելի պայծառ շողաս ու մեզ լույս տաս:
Քնել չեմ ուզում… Տա՜տ, այ տա՜տ, ինձ էլի այն ճայի մասին հեքիաթը կպատմե՞ս: Այն, որ չլսեց մնացած ճայերին, որ թռավ-հասավ ամպերին:
Կպատմեմ, միայն թե դու աչքերդ փակիր, ու լսիր: « Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալֈ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքըֈ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը: Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրելֈ…1 » :

Հետգրություն
Իմ անունը Արևիկ է, ես տասներկու տարի սովորել եմ դպրոցում, գերազանցությամբ ավարտել եմ այն, այժմ ապրում եմ Օմսկ քաղաքում, տեղի թռիչքատեխնիկական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող եմ, օդաչու եմ դառնալու: Ընտանիքիս, ընկերներիս ու

1 «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը », Ռիչարդ Բախ, թարգմանիչ՝ Վահե Հովհաննիսյան, «Հայաստան» 2003 թ.

հայրենիքիս կարիքը շատ եմ զգում, բայց տատիկիս խոստացել եմ ցանկացած դժվարության ամեն գնով դիմանալ ու տուն միայն օդաչու դարձած վերադառնալ:
Լսե՞լ եք ձգված զսպանակի էֆեկտի մասին: Երբ զսպանակը մեծ ուժով ետ են մղում ու սեղմում, եթե սեղմող ուժն ավելի մեծ է քան զսպանակինը՝ զսպանակը սեղմված, ճնշված կմնա ու ժամանակի ընթացքում կկորցնի իր կոշտությունը, կսպառի իր բոլոր որակները, իսկ երբ ուժն ավելի փոքր է, զսպանակը մեծ արագությամբ կազատվի կապանքներից, ետ կշպրտի իրեն ճնշող, սահմանափակող ցանկացած բան:
Ես հավատում եմ, որ Բավականների ու Հերիքնազների ժամանակն անցել է: Վստահ եմ, որ կապանքներից ազատված զսպանակի նման նրանք մեծ եռանդով ու պատրաստակամությամբ Արևիկներին դեպի ազատ ու արժանապատիվ կյանք են մղելու: Երեկվա ճնշված, խեղճացած, իր երազանքները այդպես էլ չիրականացրած Բավականը բոլորից լավ կարող է պայծառ ու շողացող Արևիկ դաստիարակել: Նա կարող է օգնել Արևիկին, որ հավատա իր երազանքին, անի ամեն ինչ, որ իրականացնի այն ու ճախրի ազատ, այն ճայի նման, որ կոտրեց անտարբերությունն ու երկինքը տեսավ: Բայց երկնքի լույսը Արևիկին չի կուրացնի, նրան դեռ մանուկ հասակից կրթել են լույսով: Դեռ ավելին, նա բոլոր մանուկների նման այդ լույսի մի մասը ծնված օրվանից իր մեջ էր կրում, նրան ընդհամենն օգնել են, որ լույսը պահի, որ չկորցնի հանկարծ:
Տատիկս ազատ չէր ու ազատ էր միարժամանակ. ազատ չէր իր քայլերում ու ընտրություններում, ազատ չէր, որ դեպի երկինք ճախրեր, բայց միարժամանակ ազատ էր որ այդ երկինքը զգար ու պատկերացներ իր մեջ, պահեր այդ ամենը ինձ ու իր մնացյալ թոռնիկներին փոխանցելու համար: Նա իր կերպարով կարծես օգնում է պատասխանել հավերժական թվացող այն հարցին, թե ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի2: Օգուտն ու հետևությունը մեկն է՝ ազատ ոգին է, որ կարող է ազատ մարդ դաստիարակել:
Ուստի Ձեր հարցին ի պատասխանս պետք է ասեմ, որ, այո՛, անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի, եթե միայն այդ անազատությունը ֆիզիկական է: Իսկ հոգով անազատը միայն խանգարելու է տատիկիս պես Ջոնաթան Լիվինգսթոններին հասնել իրենց երազած ամպերին, բայց բարեբախտաբար նրանք միշտ կլինեն ու միշտ կփորձեն գեթ մի քայլ մոտենալ երկնքին:
Հիմնված է իրական փաստերի վրա

2 Ֆրիդրիխ Նիցշե


« Page 1, 2, 3 ... 12, »