ՆՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ


Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում

February 14, 2018

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը հրավիրում են Ձեզ մասնակցելու «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկմանը:
 Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը` 11:30-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
 Միջոցառմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Ազգային Ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Ոստիկանության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, ԱՆ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
 Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. փետրվարի 19-ը ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝  010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին:
 Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

 Հարգանքով`
Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն



ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

February 13, 2018

 Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը սկսում է հանրային քննարկումների շարք՝ նվիրված Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներին: Առաջին քննարկումը նվիրված է լինելու Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծին: Քննարկումը, տեղի կունենա սույն թվականի փետրվարի 16-ին, ժամը 14:00-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի Պիկասո սրահում:

Քննարկման բանախոսներն են՝

  • Ռոբերտ Սուքիասյան, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
    ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն ու առավելությունները»
  • Դավիթ Ամիրյան, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, կրթական ծրագրերի գծով.
    ««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ. եղած խնդիրների լուծու՞մ, թե՞ առավել խորացում»
  • Արևիկ Անափիոսյան, Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ, տնօրեն. «Բարձրագույն կրթության հայաստանյան արդի խնդիրները` քննական մտածելակերպի և կրթության որակի տեսանկյունից»
  • Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե, նախագահ.
    «Բուհը որպես հասարակության և պետության զարգացման խնդիրները քննարկող հանրային հարթակ. պատմական ակնարկ»

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար, կարող եք դիմել ԲՀՀ-Հայաստանյան գրասենյակ, կրթական ծրագրերի պատասխանատուներ` Անի Կոջոյանին կամ Լիլիթ Նազարյանին, 010533862 հեռախոսահամարով կամ էլ. փոստով` ani@osi.am կամ nlilit@osi.am:

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը:



Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ, դեկտեմբեր 18, 2017

January 25, 2018

Քննարկման հիմնական կետերը

2017թ.-ի դեկտեմբերի 18-ին, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀՀ) կազմակերպել էր հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության դերը հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանը և տարբեր լրատվամիջոցներ: Քննարկման բանախոսներն էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր-ղեկավար Գայանե Աբրահամյանը, ի.գ.թ., փորձագետ Դավիթ Խաչատուրյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, ծրագրերի տնօրեն Դանիել Իոաննիսյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Քննարկումը վարում էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Քննարկումը արծարծեց քաղաքացիական հասարակության դերը հանրային քաղաքականության ձևավորման մեջ,  մասնավորապես՝ քաղաքականության ձևավորման վրա ազդեցություն ունենալու և կառավարությանը հաշվետու պահելու հնարավորությունը: Բանախոսներն անդրադարձան քաղաքացիական հասարակության դերին՝ հատկապես արդարություն ու օրենքի գերակայություն ապահովելու, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետու կառավարումը երաշխավորելու, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականություն զարգացնելու և իրականացնելու, ինչպես նաև հանրային կարծիք ձևավորելու գործում: Նրանք նաև նշեցին, թե ինչպես է քաղաքականություն հասկացողության ընկալումն ու մեկնաբանությունը Հայաստանում խոչընդոտում քաղաքացիական հասարակության վերը նշված գործունեությանը: Քանի որ հայերենում քաղաքականություն բառը նշանակում է և՛ երկրի որևէ վարչության բռնած ուղղությունը, և՛ պետության հարաբերությունները այլ պետությունների հետ, շատ հաճախ քաղաքականութուն մշակելը  կամ փոխելը ընդունվում ու ընկալվում է վերջին իմաստով միայն: Բանախոսները բերեցին բազում օրինակներ, երբ քաղաքական գործիչները շեշտել են, որ քաղաքականությամբ զբաղվելը պետության առանձնաշորհն է: Նրանք հավելեցին, թե ինչպես է այս ընկալումը խանգարում քաղաքացիական հասարակություն և կառավարություն երկխոսության բովանդակությանը:
Քննարկումը հիմնականում ծավալվեց Հայաստանում քաղաքացիական հասարակության և կառավարության միջև հարաբերությունների շուրջ՝ կենտրոնանալով երկու կողմերի միջև առկա համագործակցության վրա: Ե՛վ կառավարության, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անդրադարձան քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների կազմակերպմանը: Նրանք հատկապես շեշտեցին, որ երկու կողմի արդյունավետ ներգրավման համար դեռևս անհրաժշտ է ձևավորել մեխանիզմներ: Կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք բաց ու պատրաստակամ են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Այնուհանդերձ, նրանք չնշեցին, թե ինչպես են տեսնում նման ներգրավվածությունը, ամբովջովին թողնելով դրա ձևակերպումը քաղաքացիական հասարակության հայեցողությանը: Քննարկումը ցույց տվեց, որ կառավարությունը թվում է պատրաստ ներգրավվելու համագործակցության մեջ, սակայն համագործակցության մշակումը բացահայտ կերպով թողնում է քաղաքացիական հասարակության կամքին ու ինքնակազմակերպմանը: Ավելին՝ քննարկումը բացահայտեց, որ Հայաստանում չկան երկու կողմերի միջև աշխատանքը սահմանելու հստակ սահմանված չափանիշներ: Թեև որպես համագործակցության մեխանիզմների բացակայության  արդարացում, կառավարության ներկայացուցիչները մատնանշեցին նախարարություններին կից հանրային խորհուրդները:
Մասնակիցները նաև խոսեցին նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մասին՝ դիտարկելով այն որպես հարթակ ու երաշխիք կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական համագործակցության համար: Քննարկումը շեշտեց, որ ՀԸԳՀ-ն քաղաքացիական հասարակության մասնակցության համար հարթակ է ապահովում: Սակայն հստակ սահմանված մեխանիզմների բացակայությունը, որն ամբողջովին մատնված է Հայաստանի քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման կամքին, դժվարություններ է ստեղծում լրջորեն ու ազդեցության ակնկալիքով ներգրավվելու համար:  Ազդեցությունն այստեղ վերաբերվում է նշված համաձայնագրի հաշվետու կերպով իրականացման մոնիթորինգին: Դեռևս անորոշ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրության հարցը, որոնք կմասնակցեն ՀԸԳՀ-ի շրջանակներում կատարվելիք մոնիթորինգին: Վտանգ կա, որ կառավարությունը կարող է սևեռվել ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից բարձրացրած խնդիրներին, որոնք չեն արձանագրել որևէ քննադատական գնահատականներ, ի հակադրումն այն կազմակերպությունների, որոնք ունեն հասարակության խնդիրները վեր հանելու երկարամյա արձանագրված փորձ:
Սույն մտահոգությունները հայտնեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հատկապես մինչև այժմ կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության բացակայության պատճառով: Երկխոսություն, որը սովորաբար մնում է բաց, հարցերը՝ անպատասխան, և հատկանշվում է ղեկավար մարմինների կողմից պատրաստակամության շարունակվող պակասով, որպեսզի նպատակային կերպով ներգրավվի և անդրադառնա փոփոխություններ ակնկալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար ներկայացվող մտահոգություններին: Որևէ երկրում մարդու իրավունքների գլխավոր պաշտպանը կառավարությունն է: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են և սատարում են կառավարությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները: Ամեն դեպքում, ինչպես քննարկումը ցույց տվեց, երկրում այս ոլորտը առաջընթացի դեռ խոշոր կարիքներ ունի:
Քաղաքացիական հասարակության գործունեության առումով, քննարկումը երևան բերեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը կառավարության ներկայացուցիչները դիտարկում են որպս փորձագիտական կարողության զարգացում: Օրինակ՝ պատասխանելով քաղաքականության ձևավորման մեջ քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցերին, նրանք բազմիցս ընդգծեցին, որ կառավարության համար ցանկալի է, որ տարբեր քաղաքականություններ մշակելիս՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հասարակությունը տրամադրի իր փորձագիտական կարողությունը: Այս պատասխանները հատկանշեցին, որ կառավարության համար փորձագիտական օգնությունը քաղաքացիական հասարակության հիմնական և միակ գործառույթն է՝ միևնույն ժամանակ բացահայտելով, որ քաղաքացիական հասարակության գործունեության և կառավարության հետ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական ընկալումը  սոսկ խորհրդատվական է: Նման հանրային հայտարարությունները նշում են քաղաքացիական հասարակության ներգրավման արժեվորումը որպես գործընկեր՝ միևնույն ժամանակ սահմանափակելով համագործակցությունը խորհրդատվության մակարդակում: Թե արդյոք առկա խորհրդատվական գործառույթը հանգեցնում է որոշ քաղաքականության ձևափոխման դեռ մնում է հետագա հարցադրման ու անորոշության առարկա, քանզի համագործակցությունը, որ ձևակերպվում է որպես խորհրդատվություն, սովորաբար որևէ արդյունք չի ունենում: Ընդհանրապես քաղաքացիական հասարակության փորձագիտական կարծիքը հաշվի չի առնվում վերջնական որոշում կայացնելու ժամանակ: Ինչպես ներկայացուցիչ կազմակերպությունները նշեցին, խորհրդատվական համագործակցությունը երկու կողմերի միջև կարելի է նկարագել, որպես քաղաքացիական հասարակության արհեստական ներգրավում  երկխոսության մեջ, քանզի վերջնական քաղաքականության ձևակերպման ժամանակ քաղաքացիական հասարակության առաջարկությունները լորջորեն հաշվի չեն առնվում: Խոսելով այս հարցի մասին՝ ԵՄ դեսպան Դոկ. Պյոտր Սվիտալսկին նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի շատ գործառույթներ ունենա, քան թե միայն մատուցի խորհրդատվություն: Ինչպես նա նշեց. «Քաղաքացիական հասարակություն և կառավարություն բարելավված երկխոսության համար, քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվի քաղաքական գործընթացի մեջ»: Հայաստանի կառավարությունը ընդհանուր առմամբ ունի քաղաքացիական հասարակության եռանդի կարիքը և ոչ թե հակառակը, մասնավորապես այսօր, երբ երկիրը խոսում է բարեփոխումների մասին և ծրագրում է իրականացնել դրանք:
Քննարկումը նաև ծավալվեց անկախ քաղաքացիական հասարակության  դեմ կազմակերպվող նպատակադրված բացասական քննադատության, ինչպես նաև իշխանության կողմից կառավարվող տեղեկատվության աղբյուրների շուրջ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ բանախոսները բերեցին բազում օրինակներ, երբ պաշտոնատար անձինք և իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոցները արտահայտել են բացասական վերաբերմունք ու կարծիք անկախ քաղաքացիական հասարակության հանդեպ:  ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հակադարձեց՝ նշելով, որ դրանք ոչ թե բացասական վերաբերմունքի արտահայտում են, այլ ապացույց բազմակարծիք հասարակության, ուր ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ լրագրությունը և լրատվամիջոցների թափանցիկ գործունեությունը առավել քան անհրաժեշտ են այսօր: Նա ընդգծեց, որ առաջնային անհրաժեշտություն է տարբերել կարծիք արտահայտելու իրավունքը փաստերին տիրապետելուց: Նա մատնանշեց, եթե կարծիքները կարող են լինել բազմաթիվ, փաստերը եզակի են: Բազում փաստերի առկայության դեպքում, մենք մտնում ենք ապատեղեկատվության և պրոպագանդայի տարածք: Որպեսզի հակազդենք սրան, մենք պետք է գտնենք ճիշտ հավասարակշիռը մի կողմից՝ բազմակարծության և հանրային տարակարծության պաշտպանության, և մյուս կողմից՝ ճանաչենք իրականությունը, որտեղ փաստերը բացառիկ են: Արթուր Սաքունցը ևս անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ բազմակարծությունը չունի տեղ, երբ այն առաջ է քաշվում մարդու իրավունքների չափանիշներին հակադրվելու համար: Այս դեպքում, հասարակությունը մտնում է աղավաղված տեղեկության տարածք, որը թույլ է տրված և ավելին,  իրականացվում է օրինական ճանապարհով: Վստահելի տեղեկատվութունը պրոպագանդայից տարբերելը և դրանից պաշտպանվելը այս դեպքում մարտահրավեր է մնում:
Այս միջոցառումը կենսական անհրաժեշտություն ուներ, եթե հաշվի առնենք վերջերս Հայաստանում քաղաքացիական հասարակության տարածքը կրճատելու իշխանության բազմաթիվ թաքնված և բացահայտ փորձերը: Միևնույն ժամանակ, ցավալի է գիտակցել, որ 2017թ.-ի ավարտին հասարակությունը ստիպված է խոսել հանրային քաղաքականության մեջ քաղաքացիական հասարակության դերի մասին. թեմա, որը զարգացած երկրներում վաղուց դուրս է վիճարկումից: Հայաստանում իշխանությունը և քաղաքացիական հասարակությունը պետք է առաջ գնան քաղաքացիական հասարակության դերն ու գործառույթները սահմանելուց դեպի արդյունավետ համագործակցություն. գործընթաց, որի համար անհրաժեշտ է կառավարության կամքը, պատրաստակամութունը և գիտելիքը:



Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ

January 22, 2018

16.01.2018b1

Հանրային քննարկում (քննարկման ամբողջական տեսագրությունը կարող եք տեսնել այստեղ)
հունվար 16, 2018, ժամը՝ 10-13:10
ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահ
(Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան)

Սույն թվականի հունվարի 16-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը ու Արդարադատության խումբը կազմակերպել էին հանրային քննարկում Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական ու քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ խորագրով: Արդարադատության խումբը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված փորձագիտական ​​խորհուրդ է՝ հիմնված 2015 թվականին: Այն միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և փաստաբաններին՝ իրավական ու դատական ​​բարեփոխումների գործընթացում միջազգային չափանիշներն ապահովելու և տվյալ բարեփոխումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման նպատակով:

Քննարկումը բաղկացած էր երկու մասից: 1-ին մասում ելույթները և հարց ու պատասխանները անդրադարձան այն հիմնական հարցին, թե արդյոք դատական օրենսգրքի նախագիծն արձագանքում է դատական համակարգում առկա հիմնախնդիրներին: 2-րդ մասում բանախոսների ուշադրության կենտրոնում էր քրեական օրենսգրքի նախագիծն ու իր առաջարկած լուծումները քրեական արդարադատության ոլորտում առկա հիմնախնդիրներին:  Միջոցառման բանախոսներ էին  փաստաբան Հայկ Ալումյանը, փորձագետ Դավիթ Խաչատուրյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ովքեր նաև ներկայացնում էին Արդարադատության խումբը:  Ելույթներով հանդես եկան նաև երկու հրավիրված բանախոսներ՝ ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանը և ՀՀ Փաստաբանական պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը: Այլ հրավիրյալ բանախոսների շարքում էին Արտակ Զեյլանյանը Ազգային ժողովի Ելք խմբակցությունից, Տիգրան Մարկոսյանը Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնից և Հակոբ Հակոբյանը Քննչական կոմիտեից: Քննարկումը վարում էր Տաթևիկ Խաչատրյանը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունից:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադրի տնօրեն Լարիսա Մինասյանը ողջունեց մասնակիցներին և ներկաներին բացման խոսքով: Նա նշեց, որ հիմնադրամը՝ լինելով մարդու իրավունքների, ժողովրդավարության ու հաշվետու կառավարման ջատագով և ունենալով երկարամյա փորձ օրենքների վերլուծության ու մշտադիրտարկման ոլորտում, չէր կարող չանդրադառնալ Հայաստանում դատական ​​ ու քրեական արդարադատության ոլորտների կարևորագույն օրենսդրական փոփոխություններին: Նա ընդգծեց, որ քննարկման կարևորությունը կայանում է նրանում, որ այն հարթակ է ստեղծում քաղաքացիական հասարակության համար՝ բարձրացնելու իրենց մտահոգություններն ու տպավորությունները կատարվող բարեփոխումների վերաբերյալ, քանզի Հայաստանում իրավաստեղծ գործընացին մասնակցելու միակ միջոցը www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելն է:

Քննարկման 1-ին մասում առաջ քաշվեց դատավորների անկախության ու անկողմնակալության երաշխավորման ուղղությամբ դատական ​​օրենսգրքում համապատասխան կարգավորումներ նախատեսելու հարցը: Բանախոսները շեշտադրեցին, որ նախագծում եղած դատարանների անկախության երաշխիքները բավարար չեն և դատավորների անկախությունն ապահովելու համար լրացուցիչ մեխանիզմների կարիք կա:  Նրանք նաև նշեցին, որ նոր օրենսգիրքը չի սահմանում Բարձրագույն դատական ​​խորհրդի կարգապահական որոշումները բողոքարկելու մեխանիզմներ, ինչը կենսական նշանակություն ունի դատական ​​համակարգի անկախության համար: Հայկ Ալումյանը բարձրացրեց բանկերի մասնակցությամբ քննվող դատական գործերում շահերի բախումը կանխելու հարցը: Փաստաբանը մատնանշեց, որ քննվող գործերում բարձր է բանկից դատավորների ֆինանսական կախվածության ռիսկը, քանզի քաղաքացիական գործերի գերակշիռ մեծամասնությունը կազմում են բանկերի հայցերը իրենց հաճախորդների դեմ, այն դեպքում, որ  բանկերի դեմ հաճախորդների կողմից հարուցված գործերի թիվը աննշան է: Հետևաբար, նա պնդեց, որ դատավորները պետք է հայտարարագրեն բանկերում իրենց վարկերի չափերը և դրանց տրամադրման պայմանները: Խոսելով դատական անկողմնակալության մասին, քննարկման ընթացքում նշվեց, որ չնայած այն փաստին, որ օրենսգիրքը սահմանում է արդյունավետ դատական ​​պաշտպանության իրավունքը, այս պաշտպանությունը չի կարող ամբողջությամբ իրականացվել, եթե հասարակական կազմակերպություններին չի տրվում քաղաքացիների կամ հանրային շահը պաշտպանելու համար դատարան դիմելու իրավունք (action popularis):

Քննարկման 1-ին մասում առաջ քաշված երկրորդ կարևոր հարցը վերաբերում էր փաստաբանի դեմ 100,000 դրամ տույժ հաստատելու դատավորի լիազորության օրինականությանը: Նոր օրենսգրքով հաստատվող այս կարգավորումը սահմանափակելու է փաստաբանների անկախությունը՝ միևնույն ժամանակ հակասելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին: Անդրադառնալով այս խնդրին՝ Դավիթ Խաչատուրյանը իր խոսքում ընդգծեց նման պատժամիջոցի խստությունը, և այն, որ իր կանխարգելիչ բնույթով այս տուգանքը հանդիսանում է քրեական սանկցիա՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշների: Այս տուգանքի հետ կապված մեկ այլ  խնդիր է, որ դատարանն ու դատավորն են սահմանելու այս պատիժը, մինչդեռ այս դեպքում իրենք տուժող կողմն են: Նա հիշեցրեց, որ 2005 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչեց նման կարգավորումը 6-րդ հոդվածի խախտում (Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի գործով վճիռ): Էմիլ Ամիրխանյանը միացավ այս փաստարկին՝ կասկածի տակ դնելով նման պատժի անհրաժեշտությունը:  Նա նշեց, որ այս սանկցիան օրենսգրքի մեջ ներառելու համար չկար հանրային պահանջ, մինչդեռ նման բնույթի որևէ փոփոխություն պետք է լինի հիմնավորված՝ նպատակի ու միջամտության մեջ հավասարակշռությունը  պահպանելու  համար: Որպես ՀՀ Փաստաբանական պալատի նախագահի առաջին տեղակալ՝ նա հաստատեց, որ իրենց կարծիքով այս սանկցիան դառնալու է փաստաբաններին զսպելու ու ճնշելու գործիք:

Անդրադառնալով հանրության պահանջին ու մասնակցությանը՝ Արթուր Սաքունցը բարձրացրեց դատական ​​իշխանության կազմավորման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության հարցը: Նա հղում կատարեց Եվրոպական խորհրդի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին, որոնք հաստատում են, որ յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բարենպաստ միջավայր, որպեսզի հասարակական կազմակերպությունները մասնակցեն իրավական համակարգի զարգացմանն ու բարելավմանը: Իսկ Հայաստանում, հասարակական կազմակերպությունները չունեն հնարավորություն վերահսկելու Բարձրագույն դատական ​​խորհրդի և դատական ​​իշխանության կազմավորմանը և ոչ էլ մասնակցություն ունենալու դատական օրենսգրքի նախագծի մշակմանը: Սաքունցը նշեց, որ www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելը զուտ ձևականություն է, որովհետև առաջարկություն ներկայացնողները չեն ստանում դրանց ընդունման վերաբերյալ պատասխաններ, իսկ մերժման դեպքում՝ հիմնավորված պատճառներ: Նա ընդգծեց, որ հասարակական կազմակերպություններն են ներկայացնում Սահմանադրական դատարան մտնող գործերի գերակշռող մասը՝ այսպիսով նպաստելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Որևէ կառավարություն, նա շեշտեց, որը հետաքրքրված է նման զարգացումով, պետք է սատարի այս կազմակերպություններին և պետք է բարձրացնի նրանց  մասնակցության արդյունավետությունը:

Դատական ​​օրենսգրքի նախագծի աշխատանքների մասնակցությունը և www.e-draft.am առցանց հարթակին առաջարկություններ ներկայացնելու արդյունավետությունը հայտնվեցին 1-ին մասի հարց ու պատասխանի կիզակետում: Մասնավորապես հարցեր ուղղվեցին Տիգրան Մարկոսյանին, ով ներկայացնում էր Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնը: Նա հավաստիացրեց, որ www.e-draft.am հարթակին ներկայացրած բոլոր առաջարկությունները պատասխան են ստացել առանց բացառության և պնդեց, որ նշված կայքում իրենք չեն ստացել որևէ առաջարկություն Արդարադատության խմբի կողմից, մինչ խմբի բոլոր ներկա անդամները հաստատեցին, որ ներկայացրել են դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Մարկոսյանը նաև թերահավատորեն մոտեցավ այն հարցին, որ հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել դատական ​​օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին և առաջարկեց բերել նման փորձի օրինակներ: Արթուր Սաքունցը հակադարձեց այս մտքին՝ բացատրելով, որ դատական ​​օրենսգրքի նախագծի մշակմանը քաղաքացիական հասարակությունը կարող է չմասնակցել միայն այն դեպքերում, երբ պետական պաշտոնյաները գործեն բացառապես օրենքի շրջանակներում և չչարաշահեն իրենց դիրքը: Սակայն ՀՀ-ում, նա շարունակեց, պատմությունը ու փորձը ցույց են տվել, որ պետական պաշտոնյաները շրջանցում են օրենքը և չարաշահում իրենց լիազորությունները՝ դարձնելով քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտություն:

16.01.2018b2

Հարց ու պատասխանին հետևեց քննարկման երկրորդ մասը՝ հրավիրելով ունկնդիրների ուշադրությունը քրեական օրենսգրքի նախագծում առկա խնդիրներին: Նախագծում առկա խնդրահարույց կետերից Դավիթ Խաչատուրյանը առաջ քաշեց խոշտանգման սահմանման հարցը: Չնայած նրան, որ քրեական օրենսգրքի նախագիծը սահմանում է խոշտանգումը, այն չի նախատեսում քրեական պատասխանատվություն դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու համար: Նա ընդգծեց, որ այս խնդիրը կարող է խոչընդոտել գործերի արդյունավետ քննությանը և խոշտանգման զոհերի արժանապատվության վերականգնմանը՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի պահանջներին համապատասխան:

Հերիքնազ Տիգրանյանը քննարկեց քրեական օրենսգրքի նախագծի մի այլ խնդրահարույց կետ, որը վերաբերվում էր մի շարք կոռուպցիոն հանցագործությունների և ընտրական իրավունքների խախտումների քրեականացմանը: Նա մատնանշեց, որ ի տարբերություն գործող օրենսգրքի՝ նոր քրեական օրենսգրքում ընտրական իրավունքների խախտումների դեպքում սահմանված պատժի ձևը ու չափը զգալիորեն մեղմացվել են: Այս փոփոխությունը, նա ընդգծեց, նկատելի կերպով հակասում է պետության կողմից ստանձնած ընտրական իրավունքի խախտումները բացահայտելու ու պատժելու պատասխանատվությանը ու պատրաստակամությանը: Տիգրանյանը նշեց օրենսգրքի նախագծի մի այլ թերություն.  նախագիծը սահմանում է հանրային ծառայության շահի դեմ կատարած մի շարք հանցատեսակներ, սակայն դրանք չի սահմանում որպես կոռուպցիոն հանցագործություններ: Նա կրկնեց, որ նոր քրեական օրենսգիրքը պետք է սահմանի ու ճանաչի հանրային ծառայության շահի դեմ կատարած հանցանքները որպես կոռուպցիոն հանցագործություններ:

Քննարկման ընթացքում բարձրացրած վերջին հարցը վերաբերում էր քրեական օրենսգրքի նախագծի մի այլ խնդրահարույց կետի, այն է՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար արդարադատության մատչելիության ապահովման հարցին: Ավետիք Իշխանյանը ներկայացրեց այս տեսանկյունից օրենսգրքի նախագծի իր վերլուծությունն ու դիտարկումները՝ կանգ առնելով մասնավորապես ցմահ ազատազրկման տարիքային շեմին, որը օրենսգրքի նախագծով 18 տարեկանն է: Իշխանյանը նշեց, որ օրենսգրքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ, աշխատանքային խումբը վճռական էր, որ տարիքային շեմը պետք է բարձրացնել մինչև 21 տարեկան: Նա հավելեց, որ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ վերացրել են այս պատժատեսակը, մինչդեռ այն երկրները, որոնք դեռևս պահպանել են ցմահ ազատազրկումը, կիրառում են այն միայն 21 տարեկանը լրացած անձանց նկատմամբ, այն էլ նախնական հոգեբանական թեստ անցկացնելուց հետո՝ վստահ լինելու, որ անձն ունի 21 տարեկան մարդու հասունություն: Իշխանյանը շեշտեց իր զարմանքն ու հիասթափությունը, որ նախնական քննարկումներից հետո աշխատանքային խումբը փոխել էր ցմահ ազատազրկման տարիքը՝ իջեցնելով շեմը 21-ից 18 տարեկան: Նա համոզված էր, որ սա կատարվել էր պետական մարմինների կողմից աշխատանքային խմբի նկատմամբ ճնշում գործադրելու արդյունքում: Նա շարունակեց, որ Արդարադատության խումբը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ www.e-draft.am հարթակին ներկայացրել էին իրենց առաջարկությունը, որպեսզի վերականգնվի 21 տարեկանը ցմահ ազատազրկման համար: Խմբի ստացած պատասխանում նշվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող նման փոփոխություն կատարել՝ հաշվի առնելով երկրի պատերազմական իրավիճակը: Իշխանյանը համարում էր սա անհասկանալի պատասխան, որովհետև, նախ՝ պատժի տարիք սահմանելը ոչ մի առնչություն չունի երկրի ռազմաքաղաքական իրավիճակի հետ, և, երկրորդ՝ Հայաստանը պաշտոնապես պատերազմ չի հայտարարել որևէ երկրի: Իշխանյանի կարծիքով տարիքային շեմի փոփոխությունը քաղաքական ընտրություն է եղել, որովհետև երբ աշխատանքային խումբը փոխել է պատժի տարիքը 21-ից 18 հոդված 67-ում, նրանք պահպանել են 21 տարեկանը անչափահասների մասին բաժնում՝ մասնավորապես հոդված 107-ում:

Քննարկվող խնդրահարույց կետերին միացավ Ռոման Ահարոնյանը: Նա անդրադարձավ մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մի շարք հոդվածների, որոնցով փորձ է արված քրեականացնել փաստաբանների մի շարք արարքներ, որոնք չեն ներկայացնում անհրաժեշտ հանրային վտանգավորություն օրենսգրքում ընդգրկվելու համար։ Նրա պնդմամբ այդ կարգավորումները խնդրահարույց են պաշտպանվող շահի որոշման, իրավաչափ նպատակի և համաչափ միջոցի սահմանման տեսանկյունից։ Նշված հոդվածներն ավելի շատ փաստաբաններին կանշկանդելու, քան քրեաիրավական խնդիրեր լուծելու համար են։

Հարց ու պատասխանը հաջորդեց քրեական օրենսգրքի նախագծում առկա խնդիրների քննարկմանը: Քննարկման մասնակիցները ու բանախոսները հատկապես հետաքրքրված էին, թե որն էր Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը քննարկվող երկու նախագծերի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը բացատրեց, որ Օմբուցմենը ուղարկել է դատական օրենսգրքի ու քրեական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ իր եզրահանգումները համապատասխան պետական մարմիններին: Հավելյալ մանրամասների համար ներկայացուցիչը հրավիրեց ներկաներին դիմել իրենց լրատվության բաժին կամ հետևել իրենց աշխատանքներին պաշտոնական կայքում  (www.ombuds.am): Քննարկմանը հետևող հարցերը ու լսարանի արձագանքները ցույց տվեցին, որ մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների դեպքում ներկաները ակնկալում են Օմբուցմենի գրասենյակից, որպեսզի վերջինս ներկայացնի իր դիրքորոշումը հանրային կերպով և իր առաջարկները  հանրության համար լինեն հասանելի:

 



Major progress in palliative care and access to medicines in Armenia

January 15, 2018

Ներեցեք, այս գրառումը մատչելի է միայն անգլերեն:


« Page 1, 2, 3 ... 14, »