Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

1997 թվականին, երբ Հիմնադրամը բացեց իր դռները, Հայաստանի բնակչությունը Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրած տնտեսական շրջափակման հետևանքով գտնվում էր մեկուսացման և աղքատության իրավիճակում: Խորհրդային դարաշրջանի սոցիալական ապահովման համակարգի փլուզման հետևանքով հիմնական կառուցակարգերից շատերը ֆինանսավորման և բարեփոխման կարիք ունեին:

Հիմնադրամն արձագանքեց իրավիճակին` տրամադրելով հույժ կարևոր սարքավորումների, տեխնոլոգիաների և փորձագիտական օժանդակության աջակցություն Հայաստանի դպրոցներին, բուհերին, գրադարաններին և առողջապահական հաստատություններին, որոնք մաքառում էին տնտեսական նոր ճնշումներին հարմարվելու ճանապարհին: Շահառուների թվում էին Հայաստանի ազգային գրադարանը, ինչպես նաև հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որը ձեռագրերի և պատմական փաստաթղթերի հնագույն և հարստագույն հավաքածուներից մեկն է աշխարհում:

Այն ժամանակից ի վեր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն օժանդակություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության խմբերի լայն շրջանակի` ներառյալ կանանց ապաստարանների, հետաքննող լրագրողների կազմակերպությունների, իրավապաշտպանների և ընտրություններն ու հանրային ծախսերը մշտադիտարկող կազմակերպությունների: Այսօր Հայաստանը պայքարում է այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են հանրային ցածր վստահությունը ինստիտուտների նկատմամբ, լայնատարած կոռուպցիան և խորացող անհավասարությունը: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը շարունակում է օժանդակել տեղական գործընկերներին արդարադատության, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման աշխատանքներում:

Համառոտ փաստեր

9 ՓԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01 2000-ից 2005 թվականներին Հիմնադրամն օժանդակել է հրատարակված հայալեզու գրքերի առաջին թվային գրադարանային կատալոգի ստեղծմանը. ծրագրի շրջանակում ստեղծվել է պատմության մեջ հայալեզու առաջին ստեղնաշարը և թվային ճանաչման ծրագրային ապահովումը:

02 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած շրջանում Հիմնադրամը և վերջինիս գործընկերները տաք կերակուրներ, դպրոցական տրանսպորտ և տների ջեռուցում են կազմակերպել տնտեսական դժվարին կացության
մեջ հայտնված ընտանիքներում ապրող ավելի քան 65,000 հայերի համար:

03 Հոգեկան առողջության առաջին համայնքահեն կառույցը Հայաստանում` Սպիտակի խնամքի տունը, ստեղծվել և գործում է Հիմնադրամի օժանդակությամբ: Տունն օրինակելի մոդել է դարձել իրենց դարն ապրած փակ տիպի հոգեբուժական հաստատությունների բարեփոխման համար:

04 Հիմնադրամն օժանդակել է անվճար իրավաբանական խորհրդատվություն ցուցաբերող առաջին ծառայության ստեղծմանը երկրում, որի աշխատանքը կազմակերպել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Հիմնադրամը տեխնիկական խորհուրդներ է տվել իրավաբանական օգնության և հանրային պաշտպանների համապետական համակարգի զարգացման վերաբերյալ:

05 Անբուժելի հիվանդություն ունեցող խնամառուների արժանապատվությունը երաշխավորելու նպատակով Հիմնադրամն աշխատել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության հետ ամոքիչ խնամքի ազգային չափորոշիչների ստեղծման ուղղությամբ` միաժամանակ ֆինանսավորելով կյանքի վերջին շրջանում ցուցաբերվող խնամքի նոր մասնագետների վերապատրաստումը:

06 Հիմնադրամն առ օրս 1.5 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել՝ օժանդակելով կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների աշխատանքին՝ ներառյալ արտակարգ և շտապ ծառայությունների մատուցումն ընտանեկան բռնությունից տուժածներին:

07 1997 թվականից ի վեր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել՝ օժանդակելով անկախ լրատվամիջոցների կայացմանը, ինչպես նաև բազմաթիվ մրցանակների արժանացած հետաքննական
լրագրության գործունեությանը:

08 Քաղաքացիների մասնակցությանն օժանդակելու մեր ջանքերի շնորհիվ` տեղեկատվության ազատության մասին օրենքները կիրառող տեղական խմբերն իրականացրել են կառավարության ծախսերի և կոռուպցիայի դեմ պայքարի
մշտադիտարկում:

09 Բանտերի, ոստիկանության պահման վայրերի, հոգեբուժական հաստատությունների և ծերանոցների պայմանները Հայաստանում ներկայումս համակարգված մշտադիտարկման են ենթարկվում Բաց հասարակության հիմնադրամներ
– Հայաստանի օժանդակած աշխատանքների շնորհիվ: Մշտադիտարկման արդյունքներն օգնում են քաղաքականության ձևավորմանը և բռնության բացառմանը: