«Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների` համակարգային լուծումներ»

Սույն թվականի ապրիլի 2-ին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը կազմակերպեց հանրային քննարկում Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ վերնագրով, որը նախաձեռնության կողմից կազմակերպված առաջին հանրային քննարկումն էր 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո: 2018 թվականի վերջին նախաձեռնության անդամները մի շարք այլ հասարակական քաղաքացիական կազմակերպությունների հետ կազմեցին Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ բարեփոխումների մի հայեցակարգ, որը նկարագրում է նախորդ ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտների զավթումը և հիմնվելով կազմակերպությունների երկարամյա աշխատանքի, հետազոտության ու մշտադիտարկումների վրա՝ նախանշում է այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի վերադարձնել այդ ինստիտուտները, վերականգնել նրանց իսկապես ժողովրդավարական էությունն ու բնույթը և թույլ չտալ անցյալի կրկնումը:

Քննարկումը կառուցվեց և ծավալվեց հենց այս վերջին գործընթացի շուրջ, որը ըստ քննարկումը վարող Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան գլխավոր տնօրեն Լարիսա Մինասյանի կազմում է հեղափոխութան երրորդ փուլը: Հաշվի առնելով, որ առաջին փուլը ապրիլյան հեղափոխությունն էր, երբ հանրային գործընթացներից ու քննարկումներից բացարձակ մեկուսացված ու արժեզրկված քաղաքացիները համախմբվեցին և կարողացան կասեցնել անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ կորստաբեր գործընթացը՝ ավտորիտար ռեժիմի ամրապնդումը, երկրորդ փուլը դեկտեմբերյան ընտրություններն էին, երբ Հայաստանի քաղաքացիները ընտրեցին նոր Ազգային ժողով և սահմանեցին լեգիտիմ իշխանություն խորհրդարանում և նախարարություններում, ապա երրորդ փուլը զավթված հանրային ինստիտուտների փոխակերպումն է` տրանսֆորմացիան, որը հնարավոր կդարձնի  արդարադատության և իրավունքի գերակայության վերահաստատումը, հաշվետու ու արդյունավետ կառավարումը:

Քննարկման խոսնակներից Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը, շեշտեց անցյալի քաղաքական գնահատականի կարևորությունը այս գործընթացում: Նա նշեց, որ ժամանակն է խորքային հետհայացք նետել Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը ամենատարբեր դիտանկյուններից ու տեսակետներից՝ առաջին հերթին սխալները չկրկնելու համար: Պարոն Բարսեղյանն ընդգծեց, որ Հայաստանում նահանջը ժողովրդավարությունից սկսվեց հենց 1990-ականների կեսերից, երբ կեղծ ու կանխամտածված կերպով ժողովրդավարությունը հակադրվեց երկրի արտաքին անվտանգությանն ու տնտեսական աճին: Պետության զավթումը, որը պարզապես իշխանության զավթում չէ, կատարվեց տարբեր փուլերով: Այս գործում կարևոր տեղ ունեցան զանգվածային լրատվամիջոցների դեմ ճնշումները,  ընտրական գործընթացի զավթումը, որն ինքնին բերեց իշխանության զավթման, քաղաքական դաշտի զավթումն ու քաղաքական կուսակցությունների լլկումը,  մշակույթի զավթումը, տնտեսության զավթումը: Երկրորդ հերթին անցյալի պատմական ու քաղաքական գնահատականն անհրաժեշտ է, որովհետև դրանից պետք է բխեն բարեփոխումների քաղաքական հիմքերը: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կոռուպցիա չի լինելու, բոլորը գիտեն, որ սա լուրջ հայտարարություն է, և տարակույս չկա, որ առկա է համապատասխան քաղաքական կամք: Սակայն, որպեսզի այս գործը դրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, անհրաժեշտ են ստույգ բարեփոխումներ օրենսդրության ու սահմանադրութան մեջ, ինչպես նաև կառավարման համակարգում, իսկ այս բոլոր բարեփոխումներին պետք է նախորդի մերձբռնատիրական համակարգի քաղաքական գնահատականը: Առանց պատմական ու քաղաքական գնահատականի ամրագրման՝ բարեփոխումները կարող են չլինել ամբողջական, չերաշխավորել առաջընթացը, չբացառել պետության զավթումը երբևէ: Պարոն Բարսեղյանն ընդգծեց, որ կա հանրային պահանջ անցյալի պատմական ու քաղաքական գնահատականը տալու, և անհրաժեշտ է, որ երկրի օրենսդիր մարմինը ձեռնարկի ու իրականացնի այն՝ օգտագործելով հանրային լսումների մեխանիզմը և չթողնելով այս հույժ կարևոր գործը առցանց կամ անհատական նախաձեռնություններին:

Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը, մատնանշեց արդարադատության համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը՝ որպես դատաիրավական համակարգի փոփոխման սկզբունքային մոտեցում: Նա նշեց, որ եթե այժմ ունենք ժողովրդի ընտրությամբ կազմավորված Ազգային ժողով և նրա կողմից ձևավորված վստահություն վայելող կառավարություն՝ ապա նույնը չենք կարող ասել դատական իշխանության համար: Այն մեխանիզմները, որոնցով կազմվում են օրենսդիր ու գործադիր մարմինները, կիրառելի չեն դատական մարմնի դեպքում՝ ուստի անհրաժեշտ են այլ մոտեցումներ: Նա հիշեցրեց, որ նախկինում, դատական իշխանությունն իրականացնում էր քաղաքական հետապնդումներ կամ մասնակցում դրանց, չէր իրականացնում արդարադատություն՝ ամբողջովին կախված լինելով գործադիրից: Բայց, եթե այսօր դատական իշխանությունն այլևս ձերբազատվել է գործադիր իշխանության թելադրանքից կամ միջամտություններից, այն իր բովանդակությամբ չի փոխվել: Դատական իշխանության կոռուպցիայի խնդիրը դեռևս մնում է օրակարգում, որի մասին վկայում են ինչպես մարդու իրավունքների նախկին պաշտպանի բազմիցս քննարկված զեկույցը, այնպես էլ դատավորի կոռուպցիոն հանցագործության դեմ վերջերս տեղի ունեցած ձերբակալումն ու կալանավորումը: Ուստի՝ դատական իշխանությունը լրջագույն փոփոխության կարիք ունի, այլապես անգամ լեգիտիմ Ազգային ժողովի ու կառավարության դեպքում, եթե չկա վստահություն վայելող դատական իշխանություն՝ կձախողվեն բոլոր բարեփոխումները: Այստեղ պարոն Սաքունցն ընդգծեց նաև մի կարևոր մեթոդական հարց. գործող սահմանադրության մեջ ամրագրված իշխանության տարանջատման և զսպման մեխանիզմը, որն անպիտան է ժողովրդավարության ապահովման ու իրավունքի գերակայության տեսանկյունից, չի փոխվել: Համակարգային խնդիրը՝ ըստ պարոն Սաքունցի, վերաբերվում ոչ միայն դատարաններին, այլև դատական և իրավական ողջ համակարգին (դատախազությանը, ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քրեակատարողական համակարգին, դատական ակտերի հարկադիր ծառայությանը, փաստաբանական ծառայությանը): Փոփոխության գրավականը, ինչպես նշեց պարոն Սաքունցը, պետք է լինի նախ այն կարգավորումների փոփոխությունը, որոնք ամրագրված են սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, ապա՝ համակարգի ու համակարգը կրողների արժեքային փոփոխությունը:

Շարունակելով անհրաժեշտ բարեփոխումների քննարկումը՝ Սոնա Այվազյանը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը, առաջ քաշեց հակակոռուպցիոն օրակարգի առաջնահերթությունները: Ինչպես նշեց տիկին Այվազյանը, ելնելով իր ստանձնած միջազգային պարտավորություններից՝ դեռևս 2003 թվականից Հայաստանի կառավարությունը  պայքարել է կոռուպցիայի դեմ, սակայն ձեռնարկած գործողությունները կրել են իմիտացիոն բնույթ և բացի որոշ իրավական կարգավորումների ընդունումից՝ չեն գրանցել որևէ լուրջ առաջընթաց: Արդյունքում տարիներ շարունակ մարդիկ մեծ մասամբ եղել են հիասթափված և կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են անարդյունավետ: Նա ընդգծեց, որ առաջին անգամն է, որ ունենք կառավարություն, որն անկեղծորեն պատրաստ է կոռուպցիան արմատախիլ անել: Իսկ ժողովուրդն ինչպես, որ վստահում է կառավարությանը, այնպես էլ ունի ակնկալիքներ հատկապես կոռուպցիայի ուղղությամբ, քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հեղափոխությունը հաղթել են նաև իրենց հակակոռուպցիոն օրակարգի հիման վրա: Տիկին Այվազյանը նաև անդրադարձավ ներկայիս հակակոռուպցիոն գործընթացների շուրջ առկա մտահոգություններին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ մտահոգությունները չեն նշանակում համեմատականներ անցյալ իշխանությունների հետ՝ այլ մտահոգություն ապագային միտված և իդեալական կարգավորումների ու համակարգի հաստատման շուրջ: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ հստակ սահմանված նպատակներով (օրինակ՝ առաջիկա հինգ տարիներին կառավարությունն ինչի՞ է ուզում հասնել և ի՞նչ փոփոխություններ է ուզում տեսնել), անխուսափելի պատժելիություն (որը ընթացի մեջ է), հանրային բացարձակ անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, անհրաժեշտ է ստեղծել թափանցիկության ու հաշվետվողականության մեխանիզմներ կառավարման բոլոր մակարդակներում, առավելագույնս սահմանափակել կառավարության բոլոր ճյուղերում հայեցողական որոշումների կայացումը, ուժեղացնել վերահսկողությունը և հնարավորություններ ստեղծել հանրային վերահսկողության համար, տրամադրել պատշաճ ռեսուրսներ և գործիքակազմ կոռուպցիան վերահսկող ու կանխող իրավասու կառույցների համար և ապահովել հանրության լայն ներգրավվում: Նա հիշեցրեց, որ կան բավականին մեծ թվով խնդիրներ՝ ժառանգված նախորդ ռեժիմից, օրինակ՝ հանրային ծառայության օրինական համակարգի ամրապնդումը, շահերի բախման բացառումը և՛ պետական, և՛ հանրային ծառայողների դեպքում, եկամուտների ու շահերի հայտարարագրումը, ազդարարների ինստիտուտի արդյունավետ գործարկումը, Հայաստանում պահվող և արտասահման արտահանված գողացված ակտիվների վերադարձը: Այնուհանդերձ, միանալով պարոն Սաքունցի բարձրաձայնած մտահոգություներին՝ տիկին Այվազյանը ընդգծեց, որ առանց դատական համակարգում լուրջ փոփոխությունների հնարավոր չի լինի լուրջ առաջընթաց գրանցել: Տիկին Այվազյանն անդրադարձավ նաև լայնորեն քննարկվող միասնական հակակոռուպցիոն մարմնին՝ նշելով, որ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան սահմանում է երկու հիմնական կառույցի ստեղծում՝ անկախ մասնագիտացված կանխարգելիչ կառույց և անկախ մասնագիտացված իրավապահ կառույց: Որոշ երկրներ ունեն այս երկու կառույցների միավորած մոդելը, և եվրոպական երկրների գերակշիռ մեծամասնությունը գործի են դրել կառույցների տարանջատված մոդելը: Տիկին Այվազյանը նշեց, որ կա տարածված մի միֆ, ըստ որի միասնական (ունիվերսալ) հակակոռուպցիոն մարմնի մոդելն ավելի արդյունավետ է, սակայն իրականում չկա ամբողջովին տարանջատված մոդել, և անգամ այն երկրներում որտեղ գործում է միասնական մոդելը կան հստակորեն տարանջատված գործառույթներ: Նա շեշտեց, որ հակակոռուպցիոն մարմնը օրակարգային հարց է՝ ուրեմն անհրաժեշտ են հանրային քննարկումներ այս մոդելների շուրջ, նրանց ընկալման ու իրազեկության  բարձրացում հանրության շրջանակներում:

Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը խոսեց հանրային ֆինանսական կառավարման բնագավառում կառավարության նախաձեռնած փոփոխությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը և դրա հաշվին ներդրումային ծրագրեր անելուն: Նա ցավով հիշեց, որ նախկինում միջոցներն օգտագործվել են առանց խորամուտ հաշվարկների՝ կուտակելով այսօրվա  զգալի մեծ պարտքը, և այս առումով հատկապես շեշտեց գերատեսչությունների կարողությունների ու ունակությունների առկայությունը: Որպես լուսաբանում նա նշեց հանրապետության մեծագույն պարտքը՝ հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը պետք է ավարտված լիներ  2019 թվականին: Մինչդեռ 2014 թվականին կառավարությունը որոշել էր դադարեցնել այդ ճանապարհի շինարարությունը, և այդ առթիվ Ազգային ժողովում վարչապետը բացատրել էր, որ հանրապետությունում չկային այն կարողությունները, որոնք հնարավորություն կտային նախագծելու ճանապարհը, չկար գիտելիք, մասնագետներ, փորձ, կարողություն  և նորմատիվ ակտեր՝ կառավարելու նման մեծածավալ ճանապարհային շինարարությունը: Պարոն Քյուրումյանը նշեց, որ այժմ էլ չունենք ոչ մի երաշխիք, որ այլ ոլորտներում իրավիճակը բարելավել է, կարողություններն ավելացել են և նոր միջոցներ ներգրավվելու դեպքում նախարարություններն ու իրենց գերատեսչությունները ի զորու կլինեն արդունավետ կերպով կառավարելու դրանք: Նա ընդգծեց մի կարևոր հանգամանք ևս՝ փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը, որը նախկինում երբեք հաշվի չի առնվել, և մշակված քաղաքականություններն ու ֆինանսավորման ենթակա ծրագրերը քակտված են եղել առկա իրավիճակից: Այս միտումները, պարոն Քյուրումյանն ասաց, դեռ շարունակվում են: Որպես օրինակ նա բերեց միջուկային էներգիայի զարգացման շուրջ կատարվող ներկա աշխատանքները, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք երկար աշխատանքներ են տարվել այս ոլորտում, սակայն չկան որևէ հաշվետվություններ կատարված աշխատանքների ու ներդրված միջոցների վերաբերյալ: Նա պնդեց, որ չպետք է ծրագրեր սկսել զրոյից համարելով, թե նախկինում ոչինչ չի եղել՝ այլ վերլուծել նախկին սխալները և կառուցել ներկա ծրագրերն այնպես, որ չկրկնվեն նախորդ սխալները: Այս տեսանկյունից, նա շեշտեց, որ պետական բյուջեում կատարվող փոփոխությունների մեջ Ազգային ժողովը պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի և թույլ չտա, որ կառավարությունը՝ ինչպես նախկինում էր, բյուջեի հաստատումից հետո կատարի հարյուրավոր վերաբաշխումներ: Նա անդրադարձավ նաև հարկային արտոնություններին, որոնք նախկինում բանավոր պայմանավորվածությունների հիման վրա էին և մեջբերեց նախորդ կառավորության կողմից վերջին երկու տարիներին տրված ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու արտոնություններին, որոնք հետաձգել են 60 մլրդ դրամի հարկ: Պարոն Քյուրումյանը շեշտեց, որ չկան ստուգումներ, թե այս քայլերն ինչ ազդեցություն ու արդյունք են ունեցել տնտեսության վրա և կրկնեց, որ նման բոլոր որոշումների դեպքում անհրաժեշտ են մասնագիտական վերլուծություններ՝ հարկ եղած դեպքում ընդգրկելով անկախ փորձագետների:

Նշելով թե ինչպես են այս բոլոր ոլորտային խնդիրները արտացոլվում կրթության մեջ՝ Դավիթ Ամիրյանը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի փոխտնօրենը, խոսեց կրթական համակարգում անհրաժեշտ փոփոխումների հրամայականի մասին: Նա ընդգծեց, որ ինչպես պետական մյուս ինստիտուտները, կրթությունը նույնպես զավթվել էր նախկին իշխանությունների կողմից՝ ստորադասվելով ու ծառայեցվելով մի խմբի շահերին: Պարոն Ամիրյանը մատնանշեց, որ վերջին շրջանում շրջանառվող դիսկուրսը աղավաղել է քաղաքականացվածությունն ու զավթվածութունը՝ դիտարկելով այն զուտ կուսակցականացվածության տեսանկյունից, մինչդեռ կրթական ողջ համակարգը նախկինում  ծառայեցվում էր ընտրությունների ժամանակ իշխանության վերարտադրմանը և ողջ հասարակությունը ընդգրկված է կրթական համակարգում կամ որպես աշխատակից, կամ որպես կրթության ուղղակի սպառող: Այս զավթվածության արդյունքը դրսևորվում էր կրթության որակի կտրուկ անկումով և երեխաների իրավունքների ոտնահարումով: Հանրային կրթությունից բացի՝ զավթված էր նաև գիտությունը, որը չուներ մտածելու ու արտահայտվելու ազատություն, իրավիճակը մեկնաբանում ու ներկայացնում էր այնպես՝ ինչպես ձեռնտու էր իշխանությանը, և կրթական համակարգում կատարվող բարեփոխումների գնահատականը տրվում էր նույն տրամաբանությամբ: Զավթվածության ուղղակի արտահայտումն էր նաև բացեիբաց քարոզվող էլիտար կրթությունը՝ հասանելի միայն ընտրյալ մի խավի, որի արդյունքում երկիրն ունենալու էր որոշում թելադրող «կրթված էլիտա» և որոշումները կատարող «ռամիկներ»: Այս ամենի արդյունքում, այսօր ունենք ուռճացված ուսուցիչների թիվ, քանի որ նրանց թիվն անհրաժեշտ էր ընտրությունների համար, խոշոր վարկեր՝ մասնավորապես Համաշխարհային բանկից, առանց դրանց գործադրման հաշվետվությունների ու վերլուծությունների և ցածր գրագիտությամբ երիտասարդություն, որի 10%-ը ըստ նույն Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման հաշվետվության ունի գրագիտության խնդիր՝ չհաշված միջազգային ստուգատեսների՝ ՊԻԶԱ-յի ու ԹԻՄՍ-ի արդյունքները՝ ըստ որոնց Հայաստանի աշակերտության 50%-ը չի հասնում մայրենի լեզվի և մաթեմատիկայի իմացության նվազագույն շեմին: Եվ այս ցուցանիշը չի վերաբերվում բուհական մասնագիտական կամ առարկաների նախընտրությանը՝ այլ միջին դպրոցի համար սահմանված նվազագույն գիտելիքներին: Պարոն Արմիրյանն ընդգծեց, որ կրթության ոլորտի բարեփոխումները պետք է բխեն նախ ոլորտի զավթվածությանը գնահատական տալուց: Այն կաշկանդված չպետք է լինի մի կամ մի երկու կարծիքներից և պետք է հստակորեն ցույց տա հանրությանը, թե ինչ է ժառանգվել նախկինից, թե ինչպես է կրթությունը դարձել երկրի ամենակոռումպացված ոլորտը, թե ինչպես է տուժել կրթական այս իրավիճակից հասարակության տնտեսապես առավել խոցելի խավը, ինչպես է Երևան-մարզ, քաղաք-գյուղ, աղջիկ-տղա կրթական խտրականությունը արմատացել այս համակարգում: Ելնելով այս գնահատականից՝ կրթության ոլորտում աշխատանքը պետք է լինի երկու ուղղությամբ: Նախ կարճաժամկետ, որի դեպքում պետք է մաթեմատիկայի շեմը չհաղթահարած երեխաներին բերել հասցնել այդ շեմին՝ օրինակ ամառային դպրոցների և այլ ծրագրերի միջոցով: Եվ հետո, երկարաժամկետ՝ չորս տարվա (այս իշխանության գործունեության ընթացքին համապատասխան), որի ընթացքում պետք է արվեն լրջագույն ինստիտուցիոնալ քայլեր կոռուպցիայի վերացման և բարեվարքության վերականգնման համար թե՛ բովանդակության, թե՛ գործառույթների մեջ, վերականգնվի կրթության որակը բոլոր մակարդակներում և ապահովվի կրթության համընդհանուր ներառականություն:

Ծավալված քննարկման, հարց ու պատասխանի ընթացքում բարձրացրած մտահոգությունների արդյունքում պարզ դարձավ, որ պետական համակարգի և ինստիտուտների հանդեպ համընդհանուր վստահությունը դեռ թույլ է, որի պատճառով՝ օրինակ հանրությունը թերահավատորեն է մոտենում աղմկահարույց ձերբակալությունների ընթացքին, ակնկալում է, որ պարտադիր կերպով պետք է լինի շքեղության հարկ և եկամտահարկի շեմքը պետք է աճի պրոգրեսիվ կերպով: Պետության զավթման ու պարտադիր քաղաքական գնահատականի համատեքստում բարձրացվեցին նաև սեփականության զավթման և օտարման հարցը, տեղական ինքնակառավարման ու համայնքների խոշորացման հետ կապված լուրջ խնդիրները: Բարեփոխումներին զուգահեռ քննարկման մասնակիցները շեշտեցին հանրության իրավագիտակցության բարձացման ուղղությամբ աշխատանքների  անհրաժեշտությունը, որը ոչ միայն նպաստելու է բարեփոխումների իրազեկման ու դրանց հանդեպ հանրային վերահսկման բարձրացմանը՝ այլ նաև պահելու հեղափոխության ոգին ու գիտակցությունը: