Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ, դեկտեմբեր 18, 2017

Քննարկման հիմնական կետերը

2017թ.-ի դեկտեմբերի 18-ին, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀՀ) կազմակերպել էր հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության դերը հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանը և տարբեր լրատվամիջոցներ: Քննարկման բանախոսներն էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր-ղեկավար Գայանե Աբրահամյանը, ի.գ.թ., փորձագետ Դավիթ Խաչատուրյանը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, ծրագրերի տնօրեն Դանիել Իոաննիսյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Քննարկումը վարում էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
Քննարկումը արծարծեց քաղաքացիական հասարակության դերը հանրային քաղաքականության ձևավորման մեջ,  մասնավորապես՝ քաղաքականության ձևավորման վրա ազդեցություն ունենալու և կառավարությանը հաշվետու պահելու հնարավորությունը: Բանախոսներն անդրադարձան քաղաքացիական հասարակության դերին՝ հատկապես արդարություն ու օրենքի գերակայություն ապահովելու, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետու կառավարումը երաշխավորելու, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականություն զարգացնելու և իրականացնելու, ինչպես նաև հանրային կարծիք ձևավորելու գործում: Նրանք նաև նշեցին, թե ինչպես է քաղաքականություն հասկացողության ընկալումն ու մեկնաբանությունը Հայաստանում խոչընդոտում քաղաքացիական հասարակության վերը նշված գործունեությանը: Քանի որ հայերենում քաղաքականություն բառը նշանակում է և՛ երկրի որևէ վարչության բռնած ուղղությունը, և՛ պետության հարաբերությունները այլ պետությունների հետ, շատ հաճախ քաղաքականութուն մշակելը  կամ փոխելը ընդունվում ու ընկալվում է վերջին իմաստով միայն: Բանախոսները բերեցին բազում օրինակներ, երբ քաղաքական գործիչները շեշտել են, որ քաղաքականությամբ զբաղվելը պետության առանձնաշորհն է: Նրանք հավելեցին, թե ինչպես է այս ընկալումը խանգարում քաղաքացիական հասարակություն և կառավարություն երկխոսության բովանդակությանը:
Քննարկումը հիմնականում ծավալվեց Հայաստանում քաղաքացիական հասարակության և կառավարության միջև հարաբերությունների շուրջ՝ կենտրոնանալով երկու կողմերի միջև առկա համագործակցության վրա: Ե՛վ կառավարության, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները անդրադարձան քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների կազմակերպմանը: Նրանք հատկապես շեշտեցին, որ երկու կողմի արդյունավետ ներգրավման համար դեռևս անհրաժշտ է ձևավորել մեխանիզմներ: Կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք բաց ու պատրաստակամ են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Այնուհանդերձ, նրանք չնշեցին, թե ինչպես են տեսնում նման ներգրավվածությունը, ամբովջովին թողնելով դրա ձևակերպումը քաղաքացիական հասարակության հայեցողությանը: Քննարկումը ցույց տվեց, որ կառավարությունը թվում է պատրաստ ներգրավվելու համագործակցության մեջ, սակայն համագործակցության մշակումը բացահայտ կերպով թողնում է քաղաքացիական հասարակության կամքին ու ինքնակազմակերպմանը: Ավելին՝ քննարկումը բացահայտեց, որ Հայաստանում չկան երկու կողմերի միջև աշխատանքը սահմանելու հստակ սահմանված չափանիշներ: Թեև որպես համագործակցության մեխանիզմների բացակայության  արդարացում, կառավարության ներկայացուցիչները մատնանշեցին նախարարություններին կից հանրային խորհուրդները:
Մասնակիցները նաև խոսեցին նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մասին՝ դիտարկելով այն որպես հարթակ ու երաշխիք կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական համագործակցության համար: Քննարկումը շեշտեց, որ ՀԸԳՀ-ն քաղաքացիական հասարակության մասնակցության համար հարթակ է ապահովում: Սակայն հստակ սահմանված մեխանիզմների բացակայությունը, որն ամբողջովին մատնված է Հայաստանի քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման կամքին, դժվարություններ է ստեղծում լրջորեն ու ազդեցության ակնկալիքով ներգրավվելու համար:  Ազդեցությունն այստեղ վերաբերվում է նշված համաձայնագրի հաշվետու կերպով իրականացման մոնիթորինգին: Դեռևս անորոշ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրության հարցը, որոնք կմասնակցեն ՀԸԳՀ-ի շրջանակներում կատարվելիք մոնիթորինգին: Վտանգ կա, որ կառավարությունը կարող է սևեռվել ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից բարձրացրած խնդիրներին, որոնք չեն արձանագրել որևէ քննադատական գնահատականներ, ի հակադրումն այն կազմակերպությունների, որոնք ունեն հասարակության խնդիրները վեր հանելու երկարամյա արձանագրված փորձ:
Սույն մտահոգությունները հայտնեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հատկապես մինչև այժմ կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության բացակայության պատճառով: Երկխոսություն, որը սովորաբար մնում է բաց, հարցերը՝ անպատասխան, և հատկանշվում է ղեկավար մարմինների կողմից պատրաստակամության շարունակվող պակասով, որպեսզի նպատակային կերպով ներգրավվի և անդրադառնա փոփոխություններ ակնկալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար ներկայացվող մտահոգություններին: Որևէ երկրում մարդու իրավունքների գլխավոր պաշտպանը կառավարությունն է: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են և սատարում են կառավարությանը՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները: Ամեն դեպքում, ինչպես քննարկումը ցույց տվեց, երկրում այս ոլորտը առաջընթացի դեռ խոշոր կարիքներ ունի:
Քաղաքացիական հասարակության գործունեության առումով, քննարկումը երևան բերեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը կառավարության ներկայացուցիչները դիտարկում են որպս փորձագիտական կարողության զարգացում: Օրինակ՝ պատասխանելով քաղաքականության ձևավորման մեջ քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցերին, նրանք բազմիցս ընդգծեցին, որ կառավարության համար ցանկալի է, որ տարբեր քաղաքականություններ մշակելիս՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հասարակությունը տրամադրի իր փորձագիտական կարողությունը: Այս պատասխանները հատկանշեցին, որ կառավարության համար փորձագիտական օգնությունը քաղաքացիական հասարակության հիմնական և միակ գործառույթն է՝ միևնույն ժամանակ բացահայտելով, որ քաղաքացիական հասարակության գործունեության և կառավարության հետ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական ընկալումը  սոսկ խորհրդատվական է: Նման հանրային հայտարարությունները նշում են քաղաքացիական հասարակության ներգրավման արժեվորումը որպես գործընկեր՝ միևնույն ժամանակ սահմանափակելով համագործակցությունը խորհրդատվության մակարդակում: Թե արդյոք առկա խորհրդատվական գործառույթը հանգեցնում է որոշ քաղաքականության ձևափոխման դեռ մնում է հետագա հարցադրման ու անորոշության առարկա, քանզի համագործակցությունը, որ ձևակերպվում է որպես խորհրդատվություն, սովորաբար որևէ արդյունք չի ունենում: Ընդհանրապես քաղաքացիական հասարակության փորձագիտական կարծիքը հաշվի չի առնվում վերջնական որոշում կայացնելու ժամանակ: Ինչպես ներկայացուցիչ կազմակերպությունները նշեցին, խորհրդատվական համագործակցությունը երկու կողմերի միջև կարելի է նկարագել, որպես քաղաքացիական հասարակության արհեստական ներգրավում  երկխոսության մեջ, քանզի վերջնական քաղաքականության ձևակերպման ժամանակ քաղաքացիական հասարակության առաջարկությունները լորջորեն հաշվի չեն առնվում: Խոսելով այս հարցի մասին՝ ԵՄ դեսպան Դոկ. Պյոտր Սվիտալսկին նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի շատ գործառույթներ ունենա, քան թե միայն մատուցի խորհրդատվություն: Ինչպես նա նշեց. «Քաղաքացիական հասարակություն և կառավարություն բարելավված երկխոսության համար, քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվի քաղաքական գործընթացի մեջ»: Հայաստանի կառավարությունը ընդհանուր առմամբ ունի քաղաքացիական հասարակության եռանդի կարիքը և ոչ թե հակառակը, մասնավորապես այսօր, երբ երկիրը խոսում է բարեփոխումների մասին և ծրագրում է իրականացնել դրանք:
Քննարկումը նաև ծավալվեց անկախ քաղաքացիական հասարակության  դեմ կազմակերպվող նպատակադրված բացասական քննադատության, ինչպես նաև իշխանության կողմից կառավարվող տեղեկատվության աղբյուրների շուրջ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ բանախոսները բերեցին բազում օրինակներ, երբ պաշտոնատար անձինք և իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոցները արտահայտել են բացասական վերաբերմունք ու կարծիք անկախ քաղաքացիական հասարակության հանդեպ:  ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հակադարձեց՝ նշելով, որ դրանք ոչ թե բացասական վերաբերմունքի արտահայտում են, այլ ապացույց բազմակարծիք հասարակության, ուր ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ լրագրությունը և լրատվամիջոցների թափանցիկ գործունեությունը առավել քան անհրաժեշտ են այսօր: Նա ընդգծեց, որ առաջնային անհրաժեշտություն է տարբերել կարծիք արտահայտելու իրավունքը փաստերին տիրապետելուց: Նա մատնանշեց, եթե կարծիքները կարող են լինել բազմաթիվ, փաստերը եզակի են: Բազում փաստերի առկայության դեպքում, մենք մտնում ենք ապատեղեկատվության և պրոպագանդայի տարածք: Որպեսզի հակազդենք սրան, մենք պետք է գտնենք ճիշտ հավասարակշիռը մի կողմից՝ բազմակարծության և հանրային տարակարծության պաշտպանության, և մյուս կողմից՝ ճանաչենք իրականությունը, որտեղ փաստերը բացառիկ են: Արթուր Սաքունցը ևս անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ բազմակարծությունը չունի տեղ, երբ այն առաջ է քաշվում մարդու իրավունքների չափանիշներին հակադրվելու համար: Այս դեպքում, հասարակությունը մտնում է աղավաղված տեղեկության տարածք, որը թույլ է տրված և ավելին,  իրականացվում է օրինական ճանապարհով: Վստահելի տեղեկատվութունը պրոպագանդայից տարբերելը և դրանից պաշտպանվելը այս դեպքում մարտահրավեր է մնում:
Այս միջոցառումը կենսական անհրաժեշտություն ուներ, եթե հաշվի առնենք վերջերս Հայաստանում քաղաքացիական հասարակության տարածքը կրճատելու իշխանության բազմաթիվ թաքնված և բացահայտ փորձերը: Միևնույն ժամանակ, ցավալի է գիտակցել, որ 2017թ.-ի ավարտին հասարակությունը ստիպված է խոսել հանրային քաղաքականության մեջ քաղաքացիական հասարակության դերի մասին. թեմա, որը զարգացած երկրներում վաղուց դուրս է վիճարկումից: Հայաստանում իշխանությունը և քաղաքացիական հասարակությունը պետք է առաջ գնան քաղաքացիական հասարակության դերն ու գործառույթները սահմանելուց դեպի արդյունավետ համագործակցություն. գործընթաց, որի համար անհրաժեշտ է կառավարության կամքը, պատրաստակամութունը և գիտելիքը: