Շարադրությունների մրցույթ. «Մասնագիտության ընտրություն. Իգական թե՞ արական»

Զավեն Թադևոսյանի շարադրությունը հաղթող է ճանաչվել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած շարադրությունների մրցույթում: Մրցույթն անցկացվել է ավագ դպրոցի աշակերտների շրջանում և նվիրված էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին:

Թադևոսյան Զավեն
«Արեգնազան» կրթահամալիր, 10-րդ դասարան։

Մասնագիտության ընտրություն. Իգական թե՞ արական:

Անզեն աչքով իսկ դիտարկումը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի բուհերում կան ֆակուլտետներ որոնք համարվում են հիմնականում կանացի և կան ֆակուլտետներ` որոնցում մեծամասնություն են կազմում տղաները։ Այսպես օրինակ, Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում ուսանողների մեծամասնությունը աղջիկներ են, իսկ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում` տղաներ։
Հայաստանում կա կարծրատիպ, որ կանայք չեն կարող լինել տաքսու, երթուղային տաքսու, ավտոբուսի և այլ նմանատիպ վճարովի երթուղիների վարորդներ։ Կամ, օրինակ, տղամարդիկ չեն կարող լինել հավաքարար, ափսե լվացող, դայակ, մանկապարտեզի դաստիարակ և այլն։ Շատերի կարծիքով կանացի է համարվում ուսուցչի մասնագիտությունը, իսկ քաղաքական գործչինը` տղամարդկային։ Տարբերակում կա նույնիսկ նույն մասնագիտության տարբեր ոլորտների միջև։ Օրինակ` բժշկության մեջ վիրաբուժությունը համարվում է տղամարդկային գործ, իսկ պոլիկլինիկաների բժիշկները հիմնականում կանայք են։ Օրինակներ կարելի է շատ բերել և տարբեր ոլորտներից ։ Սակայն, խնդիրն այն է, թե որտեղից են գալիս այս կարծրատիպերը։ Դրանք հիմնականում կապված են տղամարդու և կնոջ մասին հասարակության մեջ տարածված պատկերացումների հետ, որոնց կարող ենք հանդիպել թեկուզ և ամենօրյա ասույթներում` կնոջ մազը երկար է, խելքը կարճ կամ կնոջ խոսքը հիմք չե կամ երբ տղամարդը խոսում է կինը պետք է լռի և այլն։ Նման պատկերացումների համաձայն է, որ տղամարդկային գործերը համարվում են կարևոր, իսկ կանացի գործերը` երկրորդական։ Ընդունված ստերիոտիպերի համաձայն տան ներսի ամենօրյա կենցաղային գործերը, ինչպիսիք են լվացք անելը, փոշի սրբելը, աման լվանալը, ավել անելը, անկողին հավաքելը համարվում են կանացի։ Իսկ առաջնային և կարևոր են համարվում այնպիսի տղամարդկային գործերը ինչպիսիք են այգի կամ հող մշակելը, տունը նորոգելը և այլոք։
Այս հիմնախնդիրը, երբ տղամարդու գործը համարվում է առաջնային ու գլխավոր, իսկ կանացինը` երկորդական, միայն հայկական երևույթ չէ։ Այն պատրիարխալ հասարակություններին բնորոշ մի բան է, որտեղ հասարակական կյանքը և հարաբերությունները ամբողջությամբ տղամարդկային բնույթ ունեն։ Ըստ այդ պատկերացումների կնոջ երկրորդականությունը համարվում է բնական։ Շատերը այդ բնականությունը հիմնավորելու համար հիշատակում են մեծերի խոսքը, ավանդույթը և փորձում դա ներկայացնել որպես ազգային։ Տղամարդու գերիշխանությունը ամենօրյա կյանքում այնքան տարածված ու սովորական է, որ հաճախ մարդկանց անսովոր է թվում, երբ կինը նախաձեռնող է, գործունյա, հաջողակ և ավելի բարձր կարգավիճակ է զբաղեցնում, քան տղամարդը։
Վերջին շրջանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ հասարակական կազմակերպություններ սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում տարածում են կանանց հանդեպ բռնությունների վերաբերյալ փաստեր, և տեսագրություններ։ Մի շարք դեպքերում, երբ կնոջը պարբերաբար ծեծելու ու վնասվածքներ հասցնելու համար նրանք դիմել են դատարան, դատարանում ներկա մարդիկ և նույնիսկ դատավորները համարում են դա իբր թե անհարարիր հայ հասարակությանը, մեր ազգային նկարագրին ոչ բնորոշ ու ոչ սազական։ Սակայն, հարց է առաջանում, արդյոք նման ծայրահեղ խտրական վերաբերմունքը իրոք պետք է բնութագրել որպես ազգային և պահպանել այն։ Արդյո՞ք, կանանց հանդեպ այդ խտրական վերաբերմունքը չէ՞ պատճառը, որ կանանց համարելով ոչ կարևոր և երկրորդական կարգի գործեր անող, նրանց հաճախ չեն պատկերացնում կարևոր գործերում։ Եվ վերջապես, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր ավելի քաղաքակիրթ ու առաջադեմ հայացքների կողմնակից են, նրանք հայեր չեն։ Չէ, որ նրանք էլ են հայ հասարակության ներկայացուցիչներ և ազգային մշակույթը միայն 19-րդ դարի գեղջկական ավանդութներով չէ, որ բնորոշվում է։ Ազգային են նաև այսօրվա նոր սերնդի արժեքները։
Բարեբախտաբար, երիտասարդության որոշ շրջանակներում այս կարծրատիպերի հանդեպ ձևավորվում է քննադատական վերաբերմունք։ Օրինակ կբերեմ հենց իմ դասարանից։ Լինելով ավագ դպրոցի աշակերտներ մենք հաճախ ենք քննարակում ապագա մասնագիտությանը վերաբերվող հարցեր։Մասնագիտությունների ընտրության հետ կապված հարցերում տղաների և աղջիկների մոտեցումները չեն տարբերվում։ Ավելին, իմ ընկերների մեջ դրանք հաճախ համընկնում են։ Օրինակ, իմ համադասարանցիներ Արամը և Լուսինը ցանկանում են մասնագիտանալ վեբ–դիզայնի ոլորտում։ Իսկ ես և Սոնան պատրաստվում ենք շարունակել մեր ուսումը բիզնես կառավարման բնագավառում։ Աղջիկներից մեկ ուրիշը իրավաբան է ուզում դառնալ, իսկ մյուսը վիրաբույժ։ Օրինակներ կարող եմ շատ բերել։ Կարող եմ ասել, որ նոր սերնդի մեջ նկատվում է մոտեցումների փոփոխություն։ Դա էականորեն տարբերվում է ավագ սերնդում արմատավորված այն կարծրատիպերից, համաձայն որոնց կանայք պետք է կատարեն երկրորդական աշխատանքներ, իսկ տղամարդիք գլխավոր, կինը պետք է ներսի գործ անի, տղամարդը դրսի և այլն։ Այս փոխակերպման գլխավոր պատճառներից մեկն իմ կարծիքով իմ սերնդի արժեքային ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունն է։ Դա կապված է մարդու որպես գլխավոր արժեքի կարևորման հետ։ Մենք հաճախ ընկերություն անելիս կողմնորոշվում ենք ոչ թե սեռով, այլ անհատական հատկանիշներով, հայացքներով, հետքրքրություններով։ Այսինքն, կնոջ և տղամարդու հավասարությունը դա մեր համար վերացական գաղափար չէ, այլ ամենօրյա կյանքում գոյություն ունեցող մի բան, ինչը պայմանավորում է մեր փոխհարաբերությունները և մոտեցումները։
Ամփոփելով ասելիքս կցանկանայի անել հետևյալ եզրակացությունը։ Կնոջ և տղամարդու մասնագիտությունների հարցում մեր հասարակությունում դեռևս ուժեղ են խտրականություն ձևավորող կարծրատիպերը։ Դրանք, հատկապես, ամուր են ավագ սերնդի մեջ և վերարտադրվում են պահպանողականությամբ բնորոշվող միջավայրերում։ Այդ միջավայրերում տարածված պատկերացումների համաձայն, դրանք բնորոշվում են որպես ազգային։ Սակայն, այսօր աճող նոր սերնդի մեջ կան չնայած փոքրամասնություն կազմող, բայց աճի միտում ունեցող դեռահասների ու երիտասարդների խմբեր, ովքեր փոխում են այս կարծրատիպերը։ Նրանք նաև փոխում են ազգայինի հանդեպ այն քարացած մոտեցումը, որի համաձայն հայկականը դիտվում է որպես կնոջ մասնագիտությանը խտրական վերաբերմունք ունեցող մշակույթ։ Ես և իմ ընկերները ու իմ նման շատ երիտասարդներ ու պատանիներ նույնպես հայեր ենք և մեր ստեղծած ազգային մշակույթը տարբերվում է ավագ սերնդից այն բանով, որ կարևորում է մարդուն ոչ թե ըստ սեռի, այլ` ըստ անհատականության։ Իսկ մասնագիտության ընտրության հարցում հիմք է ընդունում անհատական ունակությունները և հետաքրքրությունները։