Շարադրությունների մրցույթ. «Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի»

Հռիփսիմե Պապիկյանի շարադրությունը հաղթող է ճանաչվել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած շարադրությունների մրցույթում: Մրցույթն անցկացվել է բուհերի բակալավրիատի ուսանողների շրջանում և նվիրված էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին:

Հռիփսիմե Պապիկյան

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ Իրավաբանական ֆակուլտետ, 4-րդ կուրս

Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի

– Հռիփսիմե տատի՛կ, այ տա՜տ, քո իսկական անունն ինչ է՞ր:
– Բավական էր, նան ջան:

Լավատեսական ակնարկ

– Տա՜տ, այ տա՜տ, քո քրոջ՝ Մարիետա տատիկի անունն ինչ է՞ր:
– Հերիքնազ էր:
– Իսկ Սիրանուշ տատիկի՞նը:
– Բավական էր էլի, անու՛շս, ինչու՞ դա հիշեցիր:
– Մտածում եմ ձեր ժամանակ լավ էր, ձեզ բոլորիդ երկու անուն էին դնում, հետո դուք մեծանում էիք, ձեր համար անուն էիք ընտրում, շատ լավ կլիներ եթե ինձ էլ փոքր ժամանակ Բավո ասեիք, ես հիմա ինձ մի լավ, մոդայիկ անուն կգտնեի:
– Չէ՛, բալ ջան, այդքան էլ լավ չէր, ինչքան պատկերացնում ես: Հիշում եմ, երբ դու ծնվեցիր, ծնողներիդ ուրախությանը չափ ու սահման չկար՝ նրանց առաջնեկը մի առողջ, ժպտերես ու պայծառ աղջիկ էր: Այնքան էին ուրախացել, որ անունդ լույս դրեցին, մեր ընտանիքի փոքրիկ արևն ես, Արևի՛կ ջան: Քո անունը միշտ է մոդայիկ. առանց արև մարդն էլ, աշխարհն էլ, այդ քո սիրած մոդան էլ, չեն լինի, իսկ դու մեր արևն ես, ծնողներիդ աչքի լույսը:
Իմ հայրիկը իր հայրիկի ու իր պապիկի պես տղա երեխաներին էր սիրում, ասում էր.
«Տղան իմ տան սյունն է, աղջիկը՝ ուրիշի տան ճրագը»: Ես վեց քույր ու երկու եղբայր ունեի, հայրս իր բոլոր աղջիկների անունները կամ Բավական կամ Հերիքնազ էր դնում, Աստծուն ասում էր. «Բա՛վ է, հերի՛ք է, ինձ վերջապես արու զավակ պարգևի՛ր: » : Եղբայրներս երբ ծնվեցին, հայրս քո ծնողներից էլ շատ էր երջանկացել: Երկու անգամ ողջ գյուղի համար հյուրասիրություն էր կազմակերպել, ասում էր. «Աստված լսեց ինձ, հանեց անեծքն իմ ընտանիքի վրայից: » :
Պապիկը ձեզ չէ՞ր սիրում:
Սիրում էր, ո՞նց չէր սիում, բոլոր ծնողներն էլ իրենց զավակներին սիում են: Պապիկը մեղք չուներ, ժամանակներն էին այդպես թելադրում, բալ ջան, «մոդան» այդպիսին էր: Պապիկդ հավատում էր, որ իր տոհմի շարունակությունը, պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանողը, իր ազգանունը պահողը տղաներն են, դրա համար պետք էր տղաների դաստիարակությամբ, կրթությամբ լավ զբաղվել: Իմ երկու եղբայրներն էլ համալսարան գնացին, մասնագիտություն ստացան: Նա մտածում էր, որ աղջիկներին բավական է մի լավ տեղ կնության տալ ու այդ գործում դանդաղել չարժի: Ահա թե ինչու՝

երբ իմ մեծ քույրերը ավարտում էին յոթերորդ դասարանը, հայրս նրանց անմիջապես ամուսնացնում էր: Մեր ժամանակ աղջիկների լավ ապագայի մասին հոգալն այդքանով էր սահմանափակվում: Նույնն էլ իմ դեպքում կրկնվեց. չնայած նրան, որ ես լավ էի սովորում, ուսուցչուհի էի ուզում դառնալ, հայրիկս պապիկիդ արդեն ընտրել էր:
Տա՜տ, ուզում ես ասել՝ ես չորս տարուց պետք է ամուսնանա՞մ: Ախր այդպես ո՞նց կլինի, ես դեռ ո՛չ սպաս պարտաստել գիտեմ, ո՛չ լվացք անել, համ էլ ես օդաչու եմ ուզում դառնալ: Կլինի՞ գոնե ես ընտրեմ իմ ամուսնուն, գոնե նա թռչել իմանա:
Մի՛ անհանգստացիր, արև՛ս, դու ստիպված չես լինի ուսումդ կիսատ թողնել ու ամուսնանալ: Ես դա թույլ չեմ տա, և հետո, ծնողներդ էլ նման բան չեն անի, նրանք էլ իմ պես ուզում են, որ դու սովորես ու լավ սովորես, ինքդ ընտրես ապագադ, հասնես նպատակներիդ: Ու եթե օդաչու դառնալ ես երազում, ապա անպայման մի օր ինձ օդանավովդ Արարատի գագաթն ես հասցնելու. ես արդեն մեծ եմ, ինքնուրույն չեմ կարողանա գնալ:
Խոստանում եմ, տատի՛կ ջան, հենց մեծացա Արարատի գագաթին այն քո սիրած պարն ենք պարելու: Անունն ինչ է՞ր:
Քոչարի: Իսկ հիմա արդեն ուշ է, փակիր աչուկներդ, քնիր, որ արևի հետ զարթնես: Քնիր, որ ուժերդ վերականգնվեն, որ վաղն ավելի պայծառ շողաս ու մեզ լույս տաս:
Քնել չեմ ուզում… Տա՜տ, այ տա՜տ, ինձ էլի այն ճայի մասին հեքիաթը կպատմե՞ս: Այն, որ չլսեց մնացած ճայերին, որ թռավ-հասավ ամպերին:
Կպատմեմ, միայն թե դու աչքերդ փակիր, ու լսիր: « Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալֈ Ճայերի մեծ մասի համար գլխավորը կերն է, ոչ թե թռիչքըֈ Իսկ այդ ճայի համար գլխավորը կերը չէր, այլ թռիչքը: Աշխարհում ամեն բանից ավելի Ջոնաթան Լիվինգսթոնը սիրում էր ճախրելֈ…1 » :

Հետգրություն
Իմ անունը Արևիկ է, ես տասներկու տարի սովորել եմ դպրոցում, գերազանցությամբ ավարտել եմ այն, այժմ ապրում եմ Օմսկ քաղաքում, տեղի թռիչքատեխնիկական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող եմ, օդաչու եմ դառնալու: Ընտանիքիս, ընկերներիս ու

1 «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը », Ռիչարդ Բախ, թարգմանիչ՝ Վահե Հովհաննիսյան, «Հայաստան» 2003 թ.

հայրենիքիս կարիքը շատ եմ զգում, բայց տատիկիս խոստացել եմ ցանկացած դժվարության ամեն գնով դիմանալ ու տուն միայն օդաչու դարձած վերադառնալ:
Լսե՞լ եք ձգված զսպանակի էֆեկտի մասին: Երբ զսպանակը մեծ ուժով ետ են մղում ու սեղմում, եթե սեղմող ուժն ավելի մեծ է քան զսպանակինը՝ զսպանակը սեղմված, ճնշված կմնա ու ժամանակի ընթացքում կկորցնի իր կոշտությունը, կսպառի իր բոլոր որակները, իսկ երբ ուժն ավելի փոքր է, զսպանակը մեծ արագությամբ կազատվի կապանքներից, ետ կշպրտի իրեն ճնշող, սահմանափակող ցանկացած բան:
Ես հավատում եմ, որ Բավականների ու Հերիքնազների ժամանակն անցել է: Վստահ եմ, որ կապանքներից ազատված զսպանակի նման նրանք մեծ եռանդով ու պատրաստակամությամբ Արևիկներին դեպի ազատ ու արժանապատիվ կյանք են մղելու: Երեկվա ճնշված, խեղճացած, իր երազանքները այդպես էլ չիրականացրած Բավականը բոլորից լավ կարող է պայծառ ու շողացող Արևիկ դաստիարակել: Նա կարող է օգնել Արևիկին, որ հավատա իր երազանքին, անի ամեն ինչ, որ իրականացնի այն ու ճախրի ազատ, այն ճայի նման, որ կոտրեց անտարբերությունն ու երկինքը տեսավ: Բայց երկնքի լույսը Արևիկին չի կուրացնի, նրան դեռ մանուկ հասակից կրթել են լույսով: Դեռ ավելին, նա բոլոր մանուկների նման այդ լույսի մի մասը ծնված օրվանից իր մեջ էր կրում, նրան ընդհամենն օգնել են, որ լույսը պահի, որ չկորցնի հանկարծ:
Տատիկս ազատ չէր ու ազատ էր միարժամանակ. ազատ չէր իր քայլերում ու ընտրություններում, ազատ չէր, որ դեպի երկինք ճախրեր, բայց միարժամանակ ազատ էր որ այդ երկինքը զգար ու պատկերացներ իր մեջ, պահեր այդ ամենը ինձ ու իր մնացյալ թոռնիկներին փոխանցելու համար: Նա իր կերպարով կարծես օգնում է պատասխանել հավերժական թվացող այն հարցին, թե ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի2: Օգուտն ու հետևությունը մեկն է՝ ազատ ոգին է, որ կարող է ազատ մարդ դաստիարակել:
Ուստի Ձեր հարցին ի պատասխանս պետք է ասեմ, որ, այո՛, անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի, եթե միայն այդ անազատությունը ֆիզիկական է: Իսկ հոգով անազատը միայն խանգարելու է տատիկիս պես Ջոնաթան Լիվինգսթոններին հասնել իրենց երազած ամպերին, բայց բարեբախտաբար նրանք միշտ կլինեն ու միշտ կփորձեն գեթ մի քայլ մոտենալ երկնքին:
Հիմնված է իրական փաստերի վրա

2 Ֆրիդրիխ Նիցշե