Շարադրությունների մրցույթ. «Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի»

Դիանա Բախշյանի շարադրությունը հաղթող է ճանաչվել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած շարադրությունների մրցույթում: Մրցույթն անցկացվել է բուհերի բակալավրիատի ուսանողների շրջանում և նվիրված էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին:

Դիանա Բախշյան
Հեռուստատաեսության և Ռադիոյի ակադեմիա, լրագրության բաժին

«Արդյոք անազատ անձը կարող է դաստիարակել ազատ քաղաքացի»
Իմ ճանապարհին

Իմ ճանապարհի սկզբին ես խաղում էի քրոջս հետ, իսկ հայրս ասում էր, որ միևնույն է վերջում մենք ուրիշին ենք <<ծառայելու>>: Հայրս անհամբեր սպասում էր որդու լույս աշխարհ գալուն, ինչն այդպես էլ չեղավ: Արդյունքում մեր ընտանիքը համալրվեց հետագայում ուրիշներին <<ծառայելու>> համար լույս աշխարհ եկած ևս երկու աղջիկ երեխայով:
Ուրիշին <<ծառայելու>> որակավորման իմաստը հասկանալով, բայց սրտիս մոտ չընդունելով ես շարունակեցի ճանապարհս:
Իմ սիրելի մարդկանցից մյուսը` մայրական պապս անհամբեր սպասում էր մորեղբորս ամուսնանալուն ու հայրանալուն, որովհետև մենք` իր դուստրերի երեխաներն, ըստ իր և մյուսների, այնքան էլ <<հարազատ>> թոռներ չէինք համարվում. նույն ազգանունը չէինք կրում: Բայց ես էլի շարունակեցի ճանապարհս: Դպրոցում ստացած <<գերազանց>>> գնահատականներս ուրախությամբ ցույց տվեցի նույն պապիս: Իսկ նա թերահավատորեն ասաց, որ միևնույն է վերջում գյուղապետարանոմ աշխատանք է ունենալու միջակ գիտելիքներով իմ դասընկերը, ում հայրը գյուղապետարանի հաշվապահն էր այն ժամանակ: Երանի ողջ լիներ պապս ու տեսներ, որ ես` իմ համառությամբ, աշխատասիրությամբ ու գիտելիքի հանդեպ ունեցած ձգտումով կոտրել եմ հորից որդուն փոխանցվող պաշտոնների կարծրատիպերը: Մինչդեռ իմ այդ դասընկերը անսարք հեռախոսների վերանորոգմամբ է զբաղվում, ես գյուղապետարանում աշխատանքս ուսմանս հետ եմ համատեղում:
…Իմ ճանապարհը դպրոցում շարունակվում էր: Ես բազմիցս ականատես էի լինում, թե ինչպես են հազար ամոթանք տալիս ու նախատում լավ չսովորող աղջիկներին, իսկ տղաների անգրագիտությունը բնական էին համարում: Մտածում էի, որ եթե այդ վատ սովորող աղջիկները տղա լինեին, ապա դպրոցում <<բախտները կբերեր>>:
Հաջորդ ճամփաբաժանին մայրս ինձ <<օրհնեց>> ասելով, որ աղջկա համար կարևորը ոչ թե բարձրագուն կրթություն ստանալն, այլ ընտանիք ու երեխաներ ունենալն է: Իսկ ես կարծում էի, որ մեկը մյուսին չի բացառում, այլ ընդհակառակը… բարձրագույն կրթություն ստանալու դեպքում ես ունակ կդառնամ ավելի խելացի ու ճիշտ որոշումներ ընդունելու:
Անհավասար էին պայմանները նաև գյուղի պահածոների գործարանում, որն իմ հաջորդ կանգառը դարձավ, երբ ընդունվեցի ԲՈՒՀ և ունեցա ուսման վարձ վճարելու խնդիր: Պահածոների գործարանում ֆիզիկական ծանր աշխատանք կատարող աղջիկներին ու կանանց վճարում էին կեսն այն գումարի, ինչ ստանում էին համեմատաբար քիչ ու թեթև աշխատանք կատարող տղաներն ու տղամարդիկ: Անարդարությունն օղակված պարանի պես խեղդում էր կոկորդս: Իսկ մյուսները, չգիտես ինչու, համակերպվել էին այդ <<օրինաչափությանը>>:
Գեղեցիկ սեռի 35-ամյա խելացի ու բարետես անձնավորությանը, ով ուներ մասնագիտական լուրջ ձեռքբերումեր, համարում էի իմ իդեալը: Իսկ կրտսեր մորեղբայրս չհապաղեց առանց ճանաչելու և անունն անգամ իմանալու պիտակավորել նրան`ասելով.<<Հաստատ ինչ որ մեծահարուստի սիրուհի է>>: <<Գրողը տանի, ես էլ նույնը կարող եմ ասել հաջողակ տղամարդկանց վերաբերյալ>>,-ասացի ու շարունակեցի վերապահումներով ու խտրականություներով լեցուն կյանքի դժվարին ու բարդ ուղին:
Մի քանի երիտասարդներ գյուղից քաղաք գնացող ավտոբուսում ծիծաղելով քննարկում էին Լուսոյին: Վերջում նրանց անկեղծ խոստովանությունից պարզ դարձավ, որ Լուսինե անունով համեստ գեղեցկուհին այդ վերաբերմունքին է արժանացել միայն նրա համար, որ բոլոր 3 երիտասարդներին էլ մերժել ու ուշադրություն չի դարձրել: Փորձելով մոռանալ Լուսինեի հասցեին հնչած չարախոսությունները` ավելի լուսավոր մտքերով ավտոբուսից իջա հաջորդ կանգառում:
Այստեղ էլ ինձ անակնկալի բերեց այն փաստը, որ մարդիկ սարսափում են այն մտքից, թե կինը կարող է մի քանի ամսով մեծ լինել ամուսնուց, իսկ այ կնոջ տասնհինգ տարով փոքր լինելը հաճելի է ոչ միայն ամուսնու այլև հասրակության համար: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ինձնից տասնչորս տարով մեծ երկրպագուս զարմացավ, երբ մեծ նշանակություն տվեցի իր ծննդյան տարեթվին` չհետաքրքրվելով անգամ իր ամսվա եկամուտների չափով: Իսկ ես սիրում եմ մարդկանց զարմացնել լավ իմաստով: Դե օրինակ այն, որ ես իմ անձնագրային տարիքից ավելի փոքր եմ երևում ու կարող եմ ընտանիք կազմել անգամ ինձանից տարիներով փոքր երիտասարդի հետ, եթե ունենանք ընդհանուր հայացքներ կյանքի կարևորագույն հարցերի շուրջ:
Բայց ինձ նման միայն ես եմ մտածում: Այլ կարծիքի է իմ ընտանիքը, ինձ շրջապատող հասարակությունը: Նրանք բոլորն ուզում են իրենք իմ փոխարեն ընդունել կարևորագույն որոշումները, նույնիսկ եթե դրանք ինձ դժբախտ կդարձնեն: Հենց այդ պատճառով ես <<չեմ մարսում>> ինքնուրույնորեն անցած իմ արդար ճանապարհին ունեցած ձեռքբերումները. ես համարվում եմ ինքնավստահ աղջիկ, ով պայքարում է… իր իրավունքների համար:
Այս խաչմերուկում միգուցե հետևեմ մայրիկիս տարիներ առաջվա հորդորներին ու… մոռանամ մասնագիտական ձեռքբերումներիս վերաբերյալ: Երջանիկ ընտանիք և երեխաներ ունենալու համար միգուցե մոռանամ, որ աղջիկներն էլ ունեն սեփական տեսակետի ու ձայնի իրավունք, հագնեմ անգամ ոտնաթաթերս ծածկող շրջազգեստ ու ասեմ, որ ամուսնանալուց հետո չեմ համարձակվելու անգամ շնչել կամ մտածել ընտանիքիս անդամների ներկայությամբ, ամեն օր լվանալու եմ ամուսնուս հոր ոտքերը և կթելու եմ կովերը /նույնիսկ եթե քաղաքում բնակվեմ/: Բայց այդ դեպքում ես ինչպես պետք է դաստիարակեմ իմ երեխաներին: Ինչպիսի երեխաներ պետք է դաստիարակեմ: Ստրուկի մտածելակերպով: Հասարակության ստրուկի մտածելակերպով: Իսկ հասարակությունը բոլոր ժամանակաշրջաններում ու բոլոր հանգամանքներում սուբյեկտիվ է եղել:
Բայց հնարավոր է, որ հույս կա… այս ստրկատիրությունից ազատվելու հույս: Կանանց ու աղջիկների հանդեպ այս համատարած <<կապանքների շղթաները >> ինձ համար հոգևոր գերության ու ստրկութան դրսևորումներ են: Իսկ հոգով ստրուկ մարդը ամենաթշվառ պատանդն է իրականում: