Շարադրությունների մրցույթ. «Մասնագիտության ընտրություն. Իգական թե՞ արական»

Անի Ավետիսյանի շարադրությունը հաղթող է ճանաչվել Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի կազմակերպած շարադրությունների մրցույթում: Մրցույթն անցկացվել է ավագ դպրոցի աշակերտների շրջանում և նվիրված էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնախնդիրներին:

Ավետիսյան Անի
Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատի միջնակարգ դպրոց11-րդ դասարան

Մասնագիտության ընտրություն. Իգական թե՞ արական:

Երեկ,երբ պես օրվա նման կարդում էի պատմությանս դասն ու մտածում՝ ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ աշխատանքով պիտի զբաղվեմ,երբ դառնամ պատմաբան՝ հիշեցի,թե ինչպես էին ուսուցիչներ, ծանոթներ, հոգեբաններ և էլի շատ-շատերն ամենուր և անընդհատ ասում՝ որքան կարևոր է, թե կյանքում ինչ մասնագիտություն կընտրես, նույնիսկ ասում էին,որ մասնագիտության ընտրությունը ծնվելուց հետո երկրորդ կարևոր դեպք է մարդու կյանքում: Իսկապես, մի պահ մտաբերեցի մանկությունս ու համոզվեցի, որ «Մայրիկի՞ն ես շատ սիրում, թե՞ հայրիկին» հարցից հետո ինձ ամենից հաճախ տվել են «Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս» հարցը: Անգամ հիշեցի, թե ինչ հետաքրքիր, ծիծաղելի ու նույնիսկ անհավանական պատասխաններ եմ տվել այդ հարցին. երգչուհի, բժիշկ, դերասան, ուսուցիչ ու նույնիսկ օդաչու, բայց ոչ երբեք պատմաբան կամ իրավագետ: Թեպետ, այդ տարիքում հավանաբար չգիտեի էլ,թե ինչ էին նշանակում վերջին երկուսը: Ինչևէ: Հիշելով մանկությանս հեքիաթային երազանքներն ու այսօրվա առավել իրական և նպատակային ցանկությունները, հասկանում եմ,որ շատ բան է փոխվել, սակայն չեմ կարողանում հասկանալ,թե ինչու: Մեծացե՞լ եմ:Բայց չեմ էլ կարող ժխտել,որ այսօր էլ կցանկանայի իրականացնել մանկությանս խենթ երազանքներից գոնե մի քանիսը: Գուցե արժեքներս, կամ շրջապատի ազդեցությամբ հայացքներս են փոխվել: Հստակ չգիտեմ, միայն պարզից էլ պարզ է, որ փոխվել են ոչ միայն իմ, այլ նաև հասակակիցներիս, ընկերներիս և շրջապատումս գրեթե բոլոր նրանց երազանքներն ու նպատակները, ովքեր կանգնած են նոր կյանքի շեմին և պետք է ընտրեն իրենց ապագա մասնագիտությունը: Ինչու՞: Հարցնում եմ ինքս ինձ ու միաժամանակ նաև մտածում,որ եթե չեմ կարողանում հասկանալ,թե ինքս ինչու չեմ փորձում իրականացնել մանկության երազանքները, էլ ինչպե՞ս պիտի հասկանամ, թե մյուսների վրա ինչը կամ ով է ազդել: Չնայած գիտնական, հոգեբան կամ փորձագետ լինելու կարիք ամենևին էլ չկա՝ հասկանալու համար,որ մարդկանց վրա նախ և առաջ ազդում է ընտանիքի և, մասնավերապես, ծնողների խորհուրդները, ապա՝ շրջապատն իր բազմաթիվ, անհասկանալի, իսկ ինչ-որ տեղ էլ հիմար կարծրատիպերով, և մի շարք բաժինների այսպես կոչված «բարձր ռեյտինգը»,ինչը պատճառ է դառնում,որ հարյուրավոր դիմորդներ, առանց իմանալու այս կամ այն մասնագիտության «ինչ» լինելը, ընտրում են այն, քանի որ դա են ընտրել նաև իրենց ընկերները: Հենց այդպես էլ առաջանում է այն հակասությունը,որն այսօր կա մասնագիտությունների և մասնագետների միջև:
Սակայն ամենից առավել մարդու հեգեբանության ու մտածելակերրպի,հետևաբար նաև ապագա մասնագիտության վրա ազդում է հասարակությունը՝ իր օրենքներով ու կարծրատիպերով:
Կրկին փորձում էի մտածել՝ իմ որոշման վրա ինչ-որ կերպ ազդե՞լ է արդյոք հասարակությունը, բայց հասկացա,որ երգչուհի չդառնալուս համար հասարակությանը մեղադրելը ճիշտ չի լինի. նա ամենաքիչը կարող էր կապ ունենալ երաժշտական տվյալներիս հետ: Ու նորից մտքիս եկան շրջապատիս այն երիտասարդները, ովքեր ընտրել են այնպիսի մասնագիտություն,որն այնքան էլ համապատասխան ու սիրելի չէ իրենց, բայց ընտրել են,որեվհետև «Մայրիկկն է այդպես ցանկացել», «Եղբայրս թույլ չի տվել այսինչ բաժինն ընդունվել», «Ի՞նչ կխոսեն մարդիկ,եթե….» և այսպես շարունակ: Մտածում էի, մտքում հաշվելով, որ շրջապատի օրենքներով շարժվողների մեծամասնությունը աղջիկներ են, ինչը ցավալի է ու նույնիսկ ամոթալի մեր «գերզարգացած» հասարակության համար…….. Սկսում էի հիասթափվել 21-րդ դարի իրավական համակարգից՝ խոսքը գործի չվերածելու,կնոջ և տղամարդու իրավահավասարություն քարոզելու,օրենքներ ընդունելու, բայց դրանք չկիրառելու համար, սակայն ինքս էլ գիտակցում էի,որ այդ ամենն իր ազդեցությունն արդեն ունեցել է զարգացած երկրներում,սակայն Հայաստանում և նրա նման ավանդապահ ու անվանդապաշտ երկրների դեպքում օրենքներն ու փաստերը քիչ են հասարակական կարծրատիպերը կոտրելու համար: Թերևս լավագույն միջոցը այն խիզախներն են, ովքեր դեմ են գնում հասարակությանն ու նույնիսկ ընտանիքին՝ ի նպաստ նախընտրած մասնագիտության: Սակայն նրանք այնքա՜ն քիչ են…..
Մտածելով ապագա մասնագիտությանս մասին, հիշեցի նաև, որ կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին օրենքներ եղել են դեռևս Աշտիշատի և Շահապիվանի ժողովներում(4-5-րդ դդ.), հիշեցի Ս. Եղիշեի «փափկասուն տիկնանց», ովքեր տղամարդկանց հավասար կռվում էին սրբազան կռվում, իսկ ինչու՞ այսօր հայ աղջիկը զինվոր լինելու հնարավորություն չպիտի ունենա: Գաղտնիք չէ,որ մինչև վերջին տարիները հայուհիները ՌՈՒՀ-եր ընդունվելու իրավունք չունեին, այնինչ մի շարք երկրներում աղջիկները տղաներին հավասար և պարտադիր կարգով ծառայում են բանակում: Ուրախալի է, որ այսօր Հայաստանում ևս աղջիկները կարող են ռազմական կրթություն ստանալ, սակայն բացառությամբ մի քանիսի, մյուսներն իրենց երազանքներն իրականացնելու փոխարեն՝ շարունակում են երազել ռազմական կրթության մասին և ընտրում նախադպրոցական մանկավարժություն մասնագիտությունը՝ վնասելով թե իրենց և թե ապագա սերնդին: Ցավալի է,բայց փաստ,որ շատերի մասնագիտական փնտրտուքներն են ի վերջո հանգում մանկավարժությանը՝ այն համարելով կնոջը «սազող» միակ մասնագիտություն, մոռանալով, թե որքան կարևոր է այդ մասնագիտությունը, և այն, որ ոչ բոլորն են կարող և արժանի ուսուցիչ կոչվել:
………….Մտորումներս շատ էին երկարում,իսկ դասերս դեռ սպասում էին ինձ: Փորձեցի հավաքել մտքերս, վերջնական որոշում կայացնել և նույնքան հստակ, ինչպես մանուկ հասակում՝ պատաասխանել «Ի՞նչ դառնալ» հարցին: Չհասկացա, ստացվե՞ց, թե՞ ոչ, բայց մի բան թերևս հաստատ որոշեցի. ընտրելու եմ այնպիսի մասնագիտություն,որի համար հետագայում չեմ փոշմանի և պատրաստ եմ նույնիսկ շրջանցել անհաղթահարելի թվացող կարծրատիպերի լեռնաշղթան. ո՞վ գիտե, գուցե իմ փորձը օրինակ դառնա ուրիշներին: