«ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներ:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» խորագրով հանրային քննարկումներին Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Այս միջոցառումների շարքը նպատակ ունի հանրությանը ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած մարտահրավերներն ու արդյունավետ ընտրական մեխանիզմների ապահովման խնդիրները, ինչպես նաև հետաքրքրված բոլոր կողմերի միջև բանավեճ ծավալել այս կարևոր խնդիրների շուրջ Երևանում, Գյումրիում և Վանաձորում, որտեղ ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից:

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ կազմակերպությունները հյուրընկալվում են իրենց մարզային անդամ գործընկերներ կազմակերպության կողմից, որպեսզի քննարկեն համապետական և տեղական նշանակություն ունեցող այս կարևոր փոփոխությունները:

Երևանում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 15-ին, ժամը` 14:45-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Գյումրիում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ին, ժամը՝ 14:00-ին, Արաքս հյուրանոցում (ք. Գյումրի, Գորկու փող., 25 շենք):

Վանաձորում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 18-ին, ժամը՝ 11:00-ին, Գրին հաուս հյուրանոցում (ք. Վանաձոր, Բանակի փող. 8):

Քննարկումներին հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Խնդրում ենք տեղեկացնել Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղի ունենալիք միջոցառումներին Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. մարտի 14-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝  010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը: